Իմ տղան ազնիվ է, իր արդար լինելը ապացուցվելու է․ Էրիկ Ալեքսանյանի մայր

Իմ տղան ազնիվ է, իր արդար լինելը ապացուցվելու է․ Էրիկ Ալեքսանյանի մայր

Ես գիտեմ, որ իմ տղան ազնիվ է, ես գիտեմ, որ իմ տղան հզոր է և կպայքարի արդարության համար ու իր արդար լինելը բոլորին կապացուցի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մայրը՝ Զառա Սարդարյանը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել էր։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ 

«Ինձ համար այս ամենն անակնկալ էր, չգիտեմ՝ ո՞ւմ ձեռագիրն է, ո՞ւմ պատվերն է կամ առհասարակ ինչ է կատարվում»,-ասաց նա։ 

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ալեքսանյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելուց հրաժարվելը՝ մայրը պատասխանեց՝ ինքը վստահ է, որ արդար է ու արդար ճանապարհով է դա ապացուցելու ժողովրդին։ 

«Էրիկի հետ շատ չեմ էլ կարողանում խոսել, այսօր 2 րոպե եմ խոսել, առողջականից հարցրել․ առողջական խնդիրներ ունի։ Շոկային իրավիճակ է ինձ մոտ, չեմ կարողանում համակերպվել։ Էրիկը Օդեսայից է, 19 տարեկանում է հայերեն սովորել, որ գա իր հայրենիքում աշխատի, իր երկրի համար պիտանի մարդ լինի»,-պատմեց մայրը։ 

Տիկին Զառան չի հասկանում նաև, թե ինչու է որդու անունը կապվել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և նրա գործունեության հետ։ 

«Այդ դատավորի անունն էլ չեմ լսել նախկինում։ Ազգանունները նույնն է, շատերը մտածել են՝ ազգականներ են, բայց նման բան չկա, մտերմություն էլ չեմ նկատել»։

Լիաննա Թորոսյան