Սևանը տեխնոքաղաք դառնալու շեմին 

Սևանը տեխնոքաղաք դառնալու շեմին 

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը հավակնում է դառնալ ուղեղային կենտրոնների զարգացման կետերից մեկը. «Տեսվանն» ուժերը կենտրոնացնում է մարզաբնակ երիտասարդներին IT ոլորտը հասանելի դարձնելու համար: 

«Տեսվանի» հիմնադիրներից Դավիթ Գրիգորյանի խոսքով իրենց 4.5 տարեկան թիմը նոր, տարբերվող գաղափարներով է ներկայանում հանրությանը: «2019-ից սկսած մեր ընկերությունը որակի ապահովման ծառայություններ է իրականացնում ԱՄՆ-ի, եվրոպական և տարածաշրջանի մի շարք երկրների համար: Ծրագրերի ստեղծում մտքից մինչև դիզայն, մեր թիմն իրականացնում է, իսկ ահա սեպտեմբերից նոր ու մեզ մի քայլ ավելի առաջ տանող ծրագիր ենք իրականացնելու»,- նշեց Դավիթ Գրիգորյանը: 

40 աշխատակից ունեցող թիմն առաջիկա երեք տարիներին քառապատկվելու միտում ունի: 

«Նախորդ տարիներին մեր համակարգով անցել է 70 հոգի, այսինքն մարզաբնակ այդքան երիտասարդ հասկացել է ինչ է IT-ն: Առաջիկա 3 տարիներին հույս ունենք, որ գոնե 150 և ավելի երիտասարդի կներգրավվենք այս աշխարհ»,- ասաց նա: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որ եկել էր ծանոթանալու ընկերության աշխատանքներին, նկատեց 150-ը փոքր թիվ է, թիմն ավելին էլ կարող է անել: «Շատ կարևոր է մարզերում նման ծրագրեր իրականացնելը: Մեծ ձեռքբերում է մեզ համար համայնքներում դեպի զարգացում տանող նման նախաձեռնություններ տեսնելը»,- նկատեց նա: Ըստ Քերոբյանի սա լավ օրինակ է ցույց տալու, որ տարածաշրջանային դիրքն էական չէ, եթե կա նպատակ: 

«Կարևորն այն է, որ 16 տարեկան երիտասարդը հնարավորություն է ստանում անվճար սովորելու, ապագայում էլ բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու»,- շեշտեց Քերոբյանը: 

Կրթությունը, ձգտումն ու սեփական ուժերին հավատալն ամենակարևորն է: «Տեսվանի» հիմնադիրները վստահ են հաջողելու և դառնալու են ոլորտի խոշորագույններից մեկը, քանի որ ունեն հստակ նպատակ ու դրան հասնելու կոնկրետ բանաձև: