Իշխանությունները շարունակում են հետապնդել արցախցիներին․ Մխիթարն էլ 2 ամսով կալանավորվեց

Իշխանությունները շարունակում են հետապնդել արցախցիներին․ Մխիթարն էլ 2 ամսով կալանավորվեց

MediaHub-ն արդեն գրել է, որ ուրբաթ օրը աշխատանքից վերադառնալիս հադրութցի Մխիթար Օհանջանյանը ձերբակալվել էր: Մի քանի ժամ տեղեկություն չունենալուց հետո և միայն ընդդիմադիր պատգամավորների ջանքերով ծնողները պարզել էին, որ երիտասարդը տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ: 

Ի դեպ, Մխիթարը միակ արցախցին չի, որին իշխանությունները հետապնդում են։

Երեկ հայտնի դարձավ, որ ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ (բոլորը՝ հիմնավորված փաստաթղթերով) արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանն էլ կալանավորվեց երկու ամսով։

MediaHub-ի հետ զրույցում Մխիթարի մայրը պատմել էր, որ նա հետախուզման մեջ է եղել, ու դատարանը կալանքի որոշում է կայացրել, մինչդեռ ո՛չ երիտասարդը, ո՛չ նրա հարազատներն այդ մասին տեղեկացված չեն եղել և երիտասարդը վերջին մեկ ամիսը սովորական կյանք վարել՝ աշխատանքի գնացել և այլն: 

MediaHub-ը կապ հաստատեց Մխիթարի մոր՝ Լիլիթ Մեսրոպյանի հետ, որը հաստատեց՝ նախնական երկու ամսով կալանք է կիրառվել որդու նկատմամբ։

«Մինչ օրս չէին թողնում խոսել իր հետ, մենակ այսօր թողեցին գնամ տեսնեմ տղայիս։ Նախնական երկու ամսով կալանք են նշանակել, բայց բողոքարկելու ենք»,- ասաց Մխիթարի մայրը` ավելացնելով, որ որդում կալանավորել են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Տիկին Մեսրոպյանը տեղեկացրեց, որ շտապում է որդուն տեսակցելու՝ առաջին անգամ, ինչ Մխիթարին ձերբակալել են:

Հիշեցնենք, որ Մխիթարին կալանավորել են սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքերով: Մայրը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենք հանգիստ կանգնած էին, երբ ոստիկանը առաջինը դուբինկայով հարվածել է Մխիթարին։ 

Սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետից՝ քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ: Հրապարակում, մոտավոր հաշվարկներով, ժամը 21-ի դրությամբ արդեն մոտ 10 հազար մարդ էր հավաքվել: Այդ օրը Կառավարության շենքի մոտ ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բավականին տուժած քաղաքացիներ կային:

Մարիաննա Արամյան