Տեղի գյուղացիներին չեն թողնում գնալ դաշտերը գործ անեն, պոստ են դրել

Տեղի գյուղացիներին չեն թողնում գնալ դաշտերը գործ անեն, պոստ են դրել

Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական զորքի մինչեւ 300 մետր առաջ գալուց մի քանի օր անց, ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի, որը պնդում էր, թե սահմանին դիրքային փոփոխություններ չեն եղել, Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ հիշյալ հատվածում իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Իրավիճակի էականորեն բարելավում ասելիս, Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյլանյանը հասկանում է, որ առնվազն ադրբեջանցիները պետք է հետ գնային այնտեղ, որտեղից եկել էին.

«Իսկ իրանք կանգնած են այնտեղ, որտեղ եկել կանգնել էին, ոչ մի փոփոխություն չկա, իմ ցորենի արտի մեջ են, վրանները խփել՝ նստել են»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Զեյնալյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամներին թույլ չեն տալիս մոտենալ սահմանի այն հատվածներին, որտեղ այս պահին ադրբեջանցիներն են։ Զեյնալյանն ասում է՝ հատուկ են անում, որ չիմանան՝ ինչ է կատարվում։

«Միայն Տեղի վարչական ղեկավարն է մեքենայով այս ու այն կողմ անում, փոխանակ նիստ գումարի, ժողովրդին համախմբի մշակույթի տանը ու բաց, անկեղծ ասի, թե ինչ է մեզ սպասվում։ Իրեն, որպես համայնքի ղեկավար, թողնում են մոտենալ պոստին, մեզ, որպես ավագանի, չեն թողնում։ Ինքը մտածում ա՝ մենք քնած ենք։ Բնակիչներին չեն թողնում գնան դաշտերը գործ անեն։ Համայնքի ղեկավարը գյուղի ժողովդին չի կանչում բացատրի, թե ինչ պիտի անեն»,- մանրամասնեց Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մարտի 30-ին հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածոթյունները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում առաջ են եկել ու հենակետ դրել։

Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն համայնքները մայրաքաղաք Ստեփանակերտից կտրելուց հետո ադրբեջանցիները հերթական անգամ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական պոստերից մեկը հենց Մասիս Զեյնալյանի զորենի արտի մեջ է։

«Ցորեն ա ցանած հողի մեջ, մի պոստ էլ իմ հողի մեջ ա դրված։ Բացի այդ, մի քանի հեկտար էլ զավթել են, էս պահին հստակ չեմ կարող ասել, թե որքան։ Երեկ են մտել, որովհետեւ էսօր գնացի տեսա՝ զորքը կանգնած բանակցում են»,- օրար առաջ մեզ հետ զրույցում ասել էր նա։

Լիա Սարգսյան