Առողջական որ խնդիրները կարող են դառնալ մազաթափության պատճառ

Առողջական որ խնդիրները կարող են դառնալ մազաթափության պատճառ

Աշնանն ակտիվ մազաթափությունը ոչ մի կերպ կապված չէ ջերմաստիճանի փոփոխության և մազերի ֆոլիկուլների վիճակը թարմացնելու անհրաժեշտության հետ։ Թույլ և անկենդան մազերը կարող են վկայել տարբեր հիվանդությունների զարգացման մասին, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»՝ վկայակոչելով մաշկաբան, տրիխոլոգ Յուլիա Գալյամովային։

Մասնագետի խոսքով՝ մազաթափությունը կարող է պայմանավորված լինել քրոնիկ սթրեսով և մշտական հուզական լարվածությամբ, իսկ այս դեպքում միայն հարկավոր է ազատվել անհանգստության պատճառից: Սակայն, երբեմն մազաթափությունը կարող է պայմանավորված լինել նաև օրգանիզմում առկա շատ ավելի լուրջ խնդիրներով:   «Մազաթափությունն ախտորոշում չէ, այլ ախտանշան, որն ի հայտ է գալիս բացարձակապես տարբեր պատճառներով։ Դա կարող է պայմանավորված լինել քրոնիկ հիվանդություններով, սակավարյունությամբ կամ վահանագեղձի հետ կապված խնդիրներով»,- նշել է բժիշկը։

Նա նաև հավելել է, որ մազերի խնամքի միջոցները որևէ կերպ չեն ազդում մազաթափության վրա, իսկ շամպունները չեն կարող թուլացնել մաշկի տակ գտնվող մազարմատները։ Սա է պատճառը, որ լուրջ մազաթափության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ։