Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով

Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը՝ Արշակ Հակոբյանը՝ «Վովայի Արշակը» կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց նրա կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ՀԿԿ քննիչի միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը երկարացնելով մեկ ամսով, գրում է «Փաստինֆոն»։

Նշենք, որ Արշակ Հակոբյանն ամիսներ շարունակ ազատության մեջ գտնվելուց հետո կրկին կալանավորվել էր Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա՝ դեկտեմբերի 23-ին։ 2022թ հուլիսի 22-ին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արշակ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, հուլիսի 29-ին մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով (մինչև 2022թ.-ի օգոստոսի 29-ը): Միաժամանակ, դատարանը բավարար է ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի հնարավորությունը և կիրառել գրավ՝ 562 միլիոն ՀՀ դրամի չափով:

Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Հակոբյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։ Հակոբյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, իսկ բողոքի մերժումից հետո գլխավոր դատախազի անունից վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը բավարարվել է և Հակոբյանը կրկին արգելանքի է վերցվել։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ 2003թ ընդունված քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացնելու (ՀՀ 2003թ ընդունված քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով) համար։