Հաշմանդամություն ունեցող անապահով անձինք 2024թ-ից կարող են անձնական օգնական ունենալ

Հաշմանդամություն ունեցող անապահով անձինք 2024թ-ից կարող են անձնական օգնական ունենալ

Կառավարության այսօրվա՝օգոստոսի 11-ի նիստի որոշմամբ՝ հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձինք կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայություններից։

Նախարարության հաշվարկով` այս պահին նման հնարավոր շահառուների թիվը 2450 է։ Անձնական օգնական կարող է դառնալ ցանկացած չափահաս անձ, որը կանցնի համապատասխան որակավորում ու կհավաստագրվի։

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։

Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։

Կարգավորման նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը՝ անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու միջոցով։

Նախագծի շրջանակներում ակնկալվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անկախ կյանքին ուղղված ծառայությունների համակարգը, ներդնել մեխանիզմներ՝ ապահովելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների, անկախ կյանքը և համայնքում ներառվելու իրավունքը։