Մոտ 15 խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Մոտ 15 խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Կ-ն իր վարած ԶԻԼ 4331 մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Կ-ն, ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 38-ամյա Յուրիկ Ն-ն, 15-ամյա Հասան Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարը թափքից մասամբ կոտրվել և կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ բեռնատարում բարձված խոշոր եղջերավոր անասուններն ընկել են, որոնցից 6-ը սատկել են։

Բարեբախտաբար, թափքում եղած խոշոր եդջերավոր անասունները չեն տուժել։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության տեսուչներ Թադևոս Սուքիասյանն ու Արայիկ Մանուկյանը։