ՔՊ-ականները որոշել են, թե ով կլինի ՄԻՊ-ը

ՔՊ-ականները որոշել են, թե ով կլինի ՄԻՊ-ը

«Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է, թե ով կլինի Հայաստանի Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանը:

Քրիստիննե Գրիգորյանի ՄԻՊ պաշտոնից հեռանալուց հետո Հայաստանը փաստացի 11-րդ օրն է մարդու իրավունքների պաշտպան չունի։ Չունի, բայց ոչ թե որովհետեւ թեկնածու չկա, այլ թեկնածուի շուրջ համաձայնության հարց կա։ 

MediaHub-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները կոնսենսուսի են եկել Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածության շուրջ, բայց ոտքները կախ են գցում։ Երկմտում են՝ արդյո՞ք Զեյնալյանը վիրավորված չէ, ու առաջարկն անմիջապես կընդունի։ 

«Արտակը լրիվ մեր սրտով է։ Վստահ ենք՝ վարչապետը դեմ չի լինի։ Արտակին չես կարող ոչ մի բանում մեղադրել, թեկուզ կուսակցական պատկանելիության մեջ, օբյեկտիվ է»,-ասաց մեր աղբյուրը։ 

«Այդքան լավ Արդարադատության նախարար չէր, բայց ընտիր մարդու իրավունքների պաշտպան կլինի։ Զեյնալյանին խանգարում էր նախարար լինելը, քանի որ դա, ըստ էության, չինովնիկի պաշտոն է։ Նախարար ժամանակ էլ ավելի շատ մադու իրավունքների պաշտպան էր, քան նախարար։ Ընտիր կադր է, իրենից լավը չկա»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկեր, «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված ԱԺ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանն այս պահին զբաղվում է իրավաբանական գործունեությամբ։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի իմիջը բարձրացավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինվորներին Հայաստան վերադարձնելու գործընթացի ժամանակ։

Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ է։ Հենց այս հանգամանքն է նաեւ հիմք հանդիսացել ՔՊ-ականների որոշման հարցում։ Փորձել են գտնել այսպես ասած՝ հնարավորինս «մաքուր մարդու»։ 

«Եվրոպայում ճանաչում են, հարգում են, ճանապարհ ունի անցած, միանշանակ իրենից լավը չկա։ Պարկեշտ է, շատ լավ մասնագետ է՝ հանուն պետության ու մարդու իրավունքների կռիվ տված։ Նրա վրա սեւ կետ չկա»,-նշեց մեր զրուցակիցը։

Արտակ Զեյնալյանի թեկնածության հարցին գրեթե բոլոր ՔՊ-ականները կողմ են։ Վստահ են՝ նրա նշանակումը նույնիսկ ընդդիմադիրների շրջանում միանշանակ կընդունվի։ 

Ի դեպ, ԱԺ կանոնակարգ օրենքով, եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, իսկ ժամկետն արդեն անցել է, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ։ 

Չհանրայնացնելով Զեյնալյանի անունը, ըստ երեւույթին, ՔՊ-ականները խորամանկության են դիմել՝ որպեսզի վերջինս չդիտարկվի իշխանությունների բերած ու նրանց կողմից հետո ընտրված ՄԻՊ։

Լիա Սարգսյան