Հերթը հասավ գիտահետազոտական ինստիտուտի շենքին. ի՞նչ կապ ունի Արսեն Թորոսյանը

Հերթը հասավ գիտահետազոտական ինստիտուտի շենքին. ի՞նչ կապ ունի Արսեն Թորոսյանը

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանի անվան շուրջ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե վերջինս ցանկանում է սեփականաշնորհել Օրբելի 41 հասցեում գտնվող Կուրորտաբանության և Ֆիզիկական Բժշկության Գիտահետազոտական Ինստիտուտի շենքը։

MediaHub.am-ի հետ զրույցում Արսեն Թորոսյանն արձագանքեց, թե տեղեկությունն ամբողջովին սուտ է.

«‎Ես երբեք նման ցանկություն չեմ ունեցել, չեմ էլ կարող ունենալ։ Այդ գործով Պետական գույքի կոմիտեն է զբաղվում։ Ձեր հիշատակած շենքը դրված է մասնավորեցման, որոշումը հրապարակվել է, մրցույթ է հայտարարվել, որին ոչ ոք չի մասնակցել։ Թե ով է ուզում սեփանակաշնորհել և ինչո՞ւ՝ ես չեմ կարող ասել։ Ես, իհարկե, որևէ կապ չունեմ»,-ասաց նա։

MediaHub.am-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Գեղամ Ասատրյանը փոխանցեց, որ ցանկացած պարագայում, երբ ՊԳԿԿ-ն օտարում է որևէ շարժական կամ անշարժ գույք՝ անկախ դրա եղանակից (մրցույթ, աճուրդ), գործընթացը տեղի է ունենում հրապարակային ծանուցմամբ՝ օրենքի պահանջները պահպանելով։

«‎Գործընթացը բաց և հրապարակային է, որին կարող է մասնակցել ցանկացած անձ։ Ձեր հիշատակած շենքի վերաբերյալ մեկ կարևոր շեշտադրում անեմ, որ այստեղ գործ ունենք ոչ թե շենքի օտարման, այլ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի հետ, ինչը նշանակում է, որ վաճառքից հետո գործ ունենք պրոֆիլի պահպանման (հիվանդանոց) և այլ բազմաթիվ կարևորագույն նրբությունների հետ։ Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում, և ՊԳԿԿ-ի կողմից այն վերջին անգամ վաճառքի է դրվել հուլիսին, իսկ մրցույթը պետք է տեղի ունենար օգոստոսի 5-ին՝ պահպանելով օրենքի պահանջ հանդիսացող 1-ամսյա ժամկետը, սակայն հայտերի բացակայության պատճառով մրցույթը չի կայացել»,-մեկնաբանեց Ասատրյանը։

Գեղամ Ասատրյանն, անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանն ընդգծեց, որ, ի սկզբանե, կոմիտեից մեկնաբանություն չեն խնդրել՝ կոնկրետ անձի անուն նշելով։ Ճշտող հարցին, թե, ի վերջո, Արսեն Թորոսյանը գնել կամ պատրաստվո՞ւմ է գնել շենքը, վերջինս արձագանքեց․

«Այս պահին տվյալ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերը վաճառքի դրված չեն, չեն վաճառվում։ Իսկ թե վաճառելու որոշում լինի՝ մեկ շաբաթից, թե տասը տարուց, ապա ՊԳԿԿ-ն հրապարակային հայտարարելու է մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած անձ, և հաղթելու է լավագույն գնային առաջարկ ներկայացնողը»։


Լիաննա Թորոսյան