Արցախում ավելացել է վթարների թիվը

Արցախում ավելացել է վթարների թիվը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: Այսօրվանից Ստեփանակերտի 200 և շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Զուգահեռ՝ իրականացվելու է գների և ընթացիկ իրավիճակի վերահսկողություն:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացի պատասխանատուներին՝ այն սեղմ ժամկետներում սահուն կազմակերպելու համար և կարևորել է հետադարձ կապի պահպանումը ինչպես բնակչության, այնպես էլ մատակարարների և առևտրի կետերի հետ: Նա անհրաժեշտ է համարել առևտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան տեղեկացվել է, որ մինչև շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում և գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ: Հովհարային անջատումներով և գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝ համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ նաև էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Պետնախարարը հանձնարարել է առկա պայմաններում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:
Նա հանձնարարել է նաև ամփոփել բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկները՝ Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին