Մխիթարյանի կողմից «Ինտեր» տեղափոխությունը շատ կշռադատված որոշում է. Աբելյան

Մխիթարյանի կողմից «Ինտեր» տեղափոխությունը շատ կշռադատված որոշում է. Աբելյան

Մխիթարյանի կողմից «Ինտեր» տեղափոխությունը շատ կշռադատված որոշում է: Այն մարզական առումով 2 կարևոր բաղադրիչ ունի: Նախ, Մխիթարյանը կրկին ցանկանում է խաղալ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում, ինչի հնարավորությունը «Ռոմայում» չուներ: Նա այդ մրցաշարին առհասարակ վերջին անգամ մասնակցել է 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց մարզական վերլուծաբան Արման Աբելյանը։

«Մխիթարյանը, ճիշտ է, 2013 թվականից խաղում է թոփ-5 առաջնությունների (Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) առաջատար թիմերում, բայց որևէ երկրի չեմպիոն առայժմ չի դարձել: Սա մեծ շարժառիթ է Հենրիխի համար և որը կարևոր լրացում կլինի նրա փառահեղ կարիերայում: «Ինտերը» կարող է տալ նաև այդ հնարավորությունը: Միլանյան թիմը նախանցած տարի Իտալիայի չեմպիոն է դարձել, վերջին մրցաշրջանում՝ փոխչեմպիոն, ու առաջիկա մրցաշրջանում միանշանակ պայքարելու է Սկուդետտոյի համար»,- ասաց նա։ Աբելյանի խոսքով՝ Մխիթարյանն իր բոլոր տեղափոխությունների ժամանակ առաջին հերթին մարզական գործոնն է հաշվի առնում, և այս դեպքն էլ բացառություն չէ: «Բայց Հենրիխն իր կարիերայում թերևս առաջին անգամ նկատի է ունեցել նաև ընտանիքի հանգամանքը: Նա բազմիցս է նշել, որ ընտանիքն իրեն շատ լավ է զգում Իտալիայում: Մխիթարյանն այս դեպքում չփոխեց երկիրը, բայց տեղափոխվեց թիմ, որն իր կարգով ավելի բարձր է ու տվյալ պահին կարող է ավելի հավակնոտ նպատակներ հետապնդել»,-ընդգծեց Աբելյանը:

Վերլուծաբանը շեշտեց, որ «Ինտերի» համար սա այս մրցաշրջանի ամենևին էլ առաջին համալրումը չէ: Թիմ է վերադարձել նաև հարձակվող Ռոմելու Լուկակուն, սպասվում են այլ նորեկներ ևս: «Ինտերը» վառ հարձակողական խաղաոճ ունի, որտեղ Մխիթարյանը կարող է իրեն շատ լավ զգալ: Հայ ֆուտբոլիստը ֆիզիկապես լավ վիճակում է: Նա ունիվերսալ է և կարող է մի քանի դիրքերում խաղալ: Եթե «Ինտերի» սխեման չփոխվի, որը 3-5-2-ն է, Մխիթարյանը կխաղա 2 առաջ քաշված կիսապաշտպաններից որևէ մեկի դիրքում։ Եթե Նիկոլո Բարելլայի տեղը մեկնարկային կազմում գրեթե ամրագրված է, ապա Հական Չալխանօղլուի հետ կարելի է մրցակցել: Հենց Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստն է լինելու Հենրիխի գլխավոր մրցակիցը հիմնական կազմում տեղի համար: Նա ուժեղ ֆուտբոլիստ է և հաջող մրցաշրջան է անցկացրել, բայց Մխիթարյանն ունի այդ մրցակցությունում հաղթանակած դուրս գալու բոլոր հնարավորությունները»,- ամփոփեց Աբելյանը:

Լիաննա Թորոսյան