Ինչո՞ւ է սփյուռքի հայկական համայնքներում մեռնում հայերենը

Ինչո՞ւ է սփյուռքի հայկական համայնքներում մեռնում հայերենը

Երեկ MediHub.am-ը գրել էր, որ Ստամբուլի Ֆերիգիւղի Սուրբ Վարդանանց եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո քարոզը երկլեզու է՝ թուրքերեն և արևմտահայերեն։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պարզաբանեցին, թե կարգն է այդպես՝ պատարագը պետք է հայերեն լինի, իսկ քարոզը հայերեն և այն լեզուն, որով խոսում է տվյալ համայնքը։ Այդ դեպքում հայկական համայնքրենում ինչպե՞ս պետք է պահպանել հայոց լեզուն՝ դժվար է ասել։

MediaHub.am-ի հետ զրույցում Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ Սարվենը պատմեց, որ պատարագը գրաբար հայերենով է անցկացվում, իսկ քարոզը քահանայով, վարդապետով կամ սրբազանով պայմանավորված է։

«Կամ միայն հայերեն, կամ միայն թուրքերեն, կամ սկզբում հայերեն, հետո՝ թուրքերեն։ Թուրքիայում ապրող հայերը շատ լավ հայերեն չեն խոսում, այդ պատճառով քարոզների 50 տոկոսը թուրքերեն է»,-ասաց նա։

Հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, որ թուրքեր են այցելում հայկական եկեղեցիներ, վերջինս պատասխանեց՝ ոչ, հայերն էլ չեն ընդունի, որ թուրքերն իրենց հետ եկեղեցի մտնեն։ Դիտարկմանը՝ այդ դեպքում հայերը պարզապես կարող են քահանային խնդրել, որ քարոզն ամբողջությամբ հայերեն լինի, Սարվենն արձագանքեց, որ Թուրքիայում հայերեն հասկացող շատ մարդ չկա, այդ պատճարով Տեր հայրերը որոշում են թուրքերեն քարոզ տալ, բայց միայն քարոզներն են թուրքերեն, մնացած ամեն ինչ հայերեն է։

«Բայց պատվիրակությունը գիրք է գրել, գիրքը պարունակում է պատարագի թուրքերեն թարգամանությունը և թուրքերեն այբուբենով արտասանությունը, որ մարդիկ կարողանան հայերեն սովորեն։ Բոլոր քահանաները հայերեն գիտեն, կարևոր օրերին՝ Սուրբ ծնունդին, Սուրբ Զատիկին միայն հայերեն քարոզ են տալիս, քահանաներ կան, որ թուրքերեն քարոզ տալ չեն սիրում»,-պարզաբանեց Սարվենը։

Հարցին, թե որն է պատճառը, որ հայ համայնքում հայերեն չգիտեն մարդիկ և ինչո՞ւ հայկական դպրոցներն իրենց արդյունքը չեն տալիս, վերջինս պատասխանեց, որ հայկական դպրոցները մինչև 18 տարեկանների համար է։

«Ես ալ 8 տարի Հայ դպրոց գացի և հետո ամէն ինչը մոռցայ, որովհետեւ առօրեա կեանքին միայն թուրքերէն կը խօսէի։ Գիտես, որ եկեղեցի երթող մարդերը ծէր են, եւ Հայ դպրոց գացած չեն։ Եկեղեցին շատ բան մի ընէր անոնց հայերէն սովորեցնելու համար։ Քու ըսածիդ պէս դպրոցներ չկայ»,-ամփոփեց նա։

Լիաննա Թորոսյան