Կապան քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Վահանավանքը 1111 տարեկան է

Կապան քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Վահանավանքը  1111 տարեկան է

Հունիսի 25-ը կապանցիների համար առանձնահատուկ օր էր։ Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները նշեցին քաղաքի գլխավոր սրբավայրի՝ Վահանավանքի հիմնադրման 1111-ամյակը։ Խորհրդանշական տարեթիվը մեծ շուքով տոնեցին համայնքային իշխանության ներկայացուցիչները։  Օրը սկսվեց ուխտագնացությամբ դեպի հոգեւոր կենտրոն։ Հարյուրավոր ուխտավորներ՝ քայլելով 8 կմ հասան միջնադարյան վանական համալիր, մասնակցեցին տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին։ Այն մատուցվել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի, Հոգեշնորհ հայր Գարեգին Վարդապետ Համբարձումյանի, Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի և Վահանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի ձեռամբ։ Այնուհետև Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի նախագահությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս ծագերը:

Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հատկապես կարևորել է Վահանավանքի դերը՝ որպես Կապան աշխարհի պատմամշակութային կարևորագույն արժեք և ի հակադրումն թշնամու հայտարարությունների՝ տարածաշրջանի հայկականությունը ապացուցող պատմական վկա։

«Մեկ անգամ չէ, որ թշնամին խեղաթյուրում է պատմական ակնհայտ փաստերը՝ մասնավորապես օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։ Այն ինչ Վահանավանքի վանական համալիրը այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել»,- ասել է նա։

Միջոցառմանը ներկա են գտնվել և շնորհավորանքի խոսքով հանդես եկել Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Գևորգյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը։