Աչքիս առաջ եկավ աղջկաս պատկերը, հետո կնոջս ձայնը սթափեցրեց, որ բացեմ աչքերս 

Աչքիս առաջ եկավ աղջկաս պատկերը, հետո կնոջս ձայնը սթափեցրեց, որ բացեմ աչքերս 

Դաժան ապրումների միջով անցած, հայրենազուրկ ու առողջական ծանր իրավիճակում գտնվող Աշոտ Բեգլարյանը չի դադարում հավատալ իր երազած ապագային։ Փորձում է իր մեջ ուժ գտնել առաջ շարժվելու համար՝ հանուն իր ընտանիքի, դստեր, հանուն այն տղաների, որոնք մինչև իրենց կյանքի վերջը պայքարեցին Արցախի հայկականությունը պահելու համար։ 28-ամյա երիտասարդն ավարտել է Արցախի Պետական համալսարանի նախնական զորակոչային պատրաստության և ֆիզկուլտուրայի բաժինը։ Պարտադիր զինվորական ծառայությունից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

«Մորս հիվանդության լուրը լսելուց անմիջապես հետո վերադարձել եմ տուն, Շուշի։ Կարճ ժամանակ անց երիտասարդ տարիքում մայրս լքել է մեզ։ 2022-ին ամուսնացա, ընտանիք ստեղծեցի ու այլևս չգնացի Ռուսաստան։ Երբ ծնվեց մեր առաջնեկը, կյանքը սկսեցի սիրել յուրովի»,- MediaHub-ին պատմում է Աշոտը։ 

Մեր զրուցակիցն ասում է, որ պայմանագրային հիմունքերով զինվորագրվել է պաշտպանության բանակում ու շարունակել ծառայությունը՝ մասնակցելով Արցախի ազատության համար մղված բոլոր պատերազմներին։ «2020-ին Շուշիի կորստից հետո ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ստեփանակերտ, իհարկե՛, դժվար էր, բայց քարը քարի վրա դնելով՝ նոր տուն եմ կառուցել»։

2023-ի սեպտեմբերի 19-ը խլեց Աշոտի՝ հայրենի հողում ապրելու երազանքը։ Նա, ինչպեսև իր հայրենակիցները, հասկանալով, որ փրկության գինն Արցախի հայաթափումն է,  ստիպված էր հեռանալ։ Վառելիքի պակաս կար ամբողջ Արցախում։ Մի քանի օր տարբեր լցակայաններում հերթ կանգնելով ու տուն դատարկ վերադառնալով՝ սեպտեմբերի 25-ին հարյուրավոր իր հայրենակիցների նման դարձավ մեծ ողբերգության մասնիկը։ 

«Հայկազովի վառելիքի պահեստի տարածքը վեր էր ածվել դժոխքի։ Աչքիս առաջ կրակը խլում էր իմ հետ կանգնած մարդկանց կյանքը։ Ես էլ կրակի փոսում հասկացա, որ չկա փրկություն, շուրջ բոլորը կրակ էր և մարդկային ձայներ, որ գոռում ու օգնություն էին խնդրում։ Այդ պահին աղջկաս՝ Սոֆիայիս հայացքը գալիս է աչքերիս առաջ, հետո, կարծես, իրական լիներ, լսում էի կնոջս՝ Մելանիայի ձայնը, որ արթնացնում էր ինձ աղերսելով՝ «դու պետք է ողջ մնաս, դու իրավունք չունես․․․»։ Մի գերբնական ուժ մտավ մեջս, ամբողջովին ձեռքերս այրելով՝ բռնեցի կրակից կարմրած երկաթն ու մի կերպ վեր կացա։ Հագուստս ամբողջովին վառվել էր, ցավից տեղս չէի գտնում, բայց այդ վիճակում  նույնիսկ օգնել եմ անօգնական մի կնոջ, որ փրկություն էր աղերսում»,- հիշում է նա։  

Այնուհետև լսելով փրկարարների ձայնը՝ Աշոտը գնացել է նրանց ուղղությամբ։ «Մի պահ մտածում էի, որ դժոխքն արդեն հեռվում է, բայց երբ տեղափոխվեցի հիվանդանոց, ականատես եղա ամենազարհուրելի տեսարանին, պատկերացրեք, վիճակս դրանից ավելի ծանրացավ»։

Արցախի հիվանդանոցում առաջին օգնություն ստանալուց հետո Աշոտը ևս հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել է Հայաստան։ Այստեղ նրա ոտքն ամպուտացրել են, կորցրել է ձեռքի մատները։ Նրա առողջական վիճակը ծանր է, տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, ինքնասպասարկման մեջ ինքնուրույն չէ, կարիք ունի ընտանիքի անդամների օգնության։ 

«Շնորհակալություն եմ հայտնում այրվածքաբանության ազգային կենտրոնի ամբողջ անձնակազմին և վերականգնողական կենտրոնի վերականգնող թերապիստներին, նրանց շնորհիվ կամաց-կամաց առաջ եմ գնում»։ 

Աշոտն ընտանիքի հետ այժմ ապրում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում, միաժամանակ շարունակում է ամբուլատոր բուժումը։ Ընտանիքը սոցիալական աջակցության կարիք ունի։

Հունան Թադևոսյան