Ղալլաթ են անում, իրենց մնա՝ Տիգրանաշենը կհանձնեն․ Արարատի մարզպետը հունից դուրս եկավ

Զանգակատան բնակիչներն այսօր MediaHub.am-ին ահազանգել էին, որ իրենց ոռոգման ջուրը կտրել են, որպեսզի այն ուղղեն մարզպետ Ռազմիկ Թևոնյանի՝ Տիգրանաշենում գտնվող այգիներ։
Բնակիչները նշեցին, որ իրենց բերքը չորանում է, իրենք կորցնում են ապրուստը, ինչ է թե մարզպետն այդպես է ուզում։

Թեմայի շուրջ մենք զրուցեցինք նաև Ռազմիկ Թևոնյանի հետ։

«Ղալլաթ են անում, նման բան են ասում։ Իրենց մնա, կասեն՝ Տիգրանաշենն էլ հանձնեք, որ կարողանանք հանգիստ ջուր անել։ Ի՞նչ անեմ, քանդե՞մ այգիները»,- վրդովված նշեց նա։

Հարցին, թե այդ դեպքում Զանգակատան ու Արարատի բնակիչներն ի՞նչ անեն, Ռազմիկ Թևոնյանը պատասխանեց՝ սա նման է այն անեկդոտին, որ ասում է՝ իբր դարդերս քիչ էին, հարևանն էլ «Ջիպ» առավ։

«Գյուղի բնակիչներին իմ անունից կփոխանցեք, որ դուք ղալլաթ եք անում։ Կներեք էլի, իմ համար բան թեմա ա... Ես իմ գործով եմ, նման ճղճիմ թեմաներով մի արեք։ Էդքան ֆայմ ունեն, թող գան, մի օր սահման պահեն»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ տարբեր բաներից ենք խոսում, և այս դեպքում մարդիկ հացից են կտրվում, Թևոնյանը պատասխանեց՝ զանգեք ՋՕԸ-ի տնօրենին, ես չեմ ջուր տվողը, բացողը։

«Հիմա ամբողջ օրը մի երկու հիմար բան են խոսում, ես պիտի լսե՞մ։ Էդ այգիները դրել եմ, որ մարդիկ մնան էդտեղ, գումար աշխատեն»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքը սահմանի մարդ է, իր գործն է անում, ու այս հարցը ՋՕԸ-ի տնօրենի դաշտում է։

Մանրամասները՝ տեսանյութում։