Ես էլ էի ուզում տունս վառել, հետո մտածեցի՝ իմ քրտինքը ո՞նց վառեմ․ Ներքին Սուսը դատարկվում է

Ես էլ էի ուզում տունս վառել, հետո մտածեցի՝ իմ քրտինքը ո՞նց վառեմ․ Ներքին Սուսը դատարկվում է

Ներքին Սուսը գրեթե դատարկվել է․ համայնքում մնացել է երեք ընտանիք, մյուսներն արդեն լքել են իրենց տներն ու հաստատվել Հայաստանի տարբեր քաղաքներում և Ստեփանակերտում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Մխիթար Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ Արցախյան վերջին պատերազմից հետո համայնքում մնացել էր 12 հոգի՝ 8 ընտանիք։

«Մեր համայնքի մեծ մասը՝ երեք գյուղ, պատերազմից հետո մնաց թշնամու տիրապետության տակ, իսկ այստեղ մնաց ընդամենը 12 հոգի։ Հիմա նրանք էլ հերթով լքում են գյուղը։ Միայն մեկ ընտանիք է որոշել մինչև վերջ մնալ գյուղում՝ հասկանալու, թե ինչ է լինելու։ Մյուսները ճարահատյալ գնում են, ի՞նչ անեն»,- նշեց համայնքապետը։

Մխիթար Ներսիսյանը նկատեց՝ երկրորդ անգամ է, որ Սուսի բնակիչները մնացին անտուն։

«Հիմա թե՛ պետական աջակցությամբ, թե՛ անհատների օգնությամբ մարդիկ լքում են իրենց տները, իրենց տարիներով ստեղծածը թողնում են թշնամուն»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք չկա՞ն մարդիկ, որոնք այրում են իրենց տները, համայնքապետը նշեց՝ ինքն է հորդորել, որ մարդիկ նման բան չանեն։

«Մի պահ ինքս էլ էի մտածում տունս այրեմ, բայց իմ քրտինքը ո՞նց այրեմ։ Ախր տարիների իմ տանջանքն եմ դրել, քարը քարին իմ ձեռքով եմ դրել, ո՞նց այրեմ։ Ձեռքս չգնաս, թեև տունս հիմա էլ թուրքին է մնում»,- ասաց նա։

Մխիթար Ներսիսյանը նշեց, որ վաղը համայնքում վերջին անգամ մոմավառություն է լինելու, ինքն է կազմակերպել, որ 11:30 Սուսի բոլոր բնակիչները գնան, իրար հրաժեշտ տան։

«Չգիտեմ, ծանր է, խոսելիս էլ աչքերս լցվում են։ Բայց մի բան եմ ուզում ասել, թող լինի կոչ՝ ուղղված իմ ժողովրդին։ Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի իմ հայրենակիցներ, եթե մենք միասնական լինենք, կկարողանանք այս ամենը հաղթահարել։ Միայն թե միասնական լինեինք․․․»,- եզրափակեց խոսքը Ներքին Սուսի համայնքապետ Մխիթար Ներսիսյանը։

Նարե Գևորգյան