Ավարտվել է պարեկի կողմից կաշառք ստանալու փաստերով քննված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է պարեկի կողմից կաշառք ստանալու փաստերով քննված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրեւ քաղաքացին տուգանվել է երթեւեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 ՀՀ դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 ՀՀ դրամով:

Այնուհետեւ հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու եւ դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք:

Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, պարեկ Ա. Ա.-ն  պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու` իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթեւեկության կանոնների տարբեր խախտումներ: Իր հերթին հիշյալ քաղաքացին ճանապարհային երթեւեկության ոլորտում Ա. Ա.-ի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու եւ հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին տվել է կաշառք:

Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում Գ. Մ.-ն հետագայում շարունակել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելը, սակայն հայտնաբերված իրավախախտումները չեն արձանագրվել ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստացած պարեկ Ա. Ա.-ի անձնական միջնորդությամբ:

14.03.2022թ.-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու եւ այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նույն օրը ձերբակալվել է նաեւ պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին 15.03.2022թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

16.03.2022թ.-ին Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Նրա նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պարեկային ծառայության մյուս երկու աշխատակիցներին` Վ.Մ.-ին եւ Ա.Մ.-ին  մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ եւ 313-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Պարեկներին կաշառք տված քաղաքացիներից մեկի նկատմամբ նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական հետապնդումը գործուն զղջալու հիմքով դադարեցնել:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին, ում կողմից այն հաստատվել եւ ուղարկվել է դատարան: