Մելոյի «խոհարարը»

Մելոյի «խոհարարը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է, որը «հեղափոխական» վերնախավի օրինակով, տրվել է բուրժուական հաճույքների։

Ի՞նչ է պարզել «Հրապարակը»

«Հրապարակ» օրաթերթը թերթը գրում է․ «Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Պարզվել է, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ են պատրաստել, եւ աշխատողներն «ըմբոշխնել» են բույրերը։ Ղուկասյանը վերացրել է այդ ավանդույթը։ Պարզվել է նաեւ, որ գորիսեցի Ավանեսյանը, որը ստիպված է եղել ապրել Կապանում՝ վարձակալված բնակարանում, շաբաթ-կիրակի օրերին Գորիս է մեկնել, բայց մարզպետի որոշմամբ դա ձեւակերպվել է որպես գործուղում Գորիս եւ հարակից համայնքներ»։
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր կադրերի գործունեության մեջ բացահայտվում են կոռուպցիոն տարրեր։ Դավիթ Տոնոյանն ու Անդրանիկ Փիլոյանը կալանավայրում են, Դավիթ Սանասարյանի գործով դատաքննությունը շարունակվում է։ Հենց Փաշինյանի մեծ ու փոքր կադրերին ստուգում են՝ բացահայտվում են նրանց «անմեղության» բազմաթիվ փաստեր։
Էլ չեմ ասում այն մասին, որ «կլորիկ» պարգևավճարները համակարգային կոռուպցիայի դասական դրսևորում է, որ անշուշտ, լուրջ քննության առարկա է դառնալու իշխանափոխությունից հետո։

Ինչո՞ւ է Մելոյի սիրտն իշխանություն ուզում

Ասում են՝ մարզպետի պաշտոնը թողելուց հետո, Մելիքսեթ Պողոսյանն ակտիվ աշխատանքներ է անում պետական նոր գործի անցնելու համար։ Խոսվում է, որ նա դառնալու է ՊՆ խորհրդական։
Ինչո՞ւ է Մելոյի սիրտն իշխանություն ուզում․ պատճառը շատ պարզ է՝ ոչ ոք չի ուզենա հրաժարվել իշխանական վայելքներից, այդ թվում՝ սեփական «խոհարար» ունենալու հաճույքից։

Վահրամ Բագրատյան