Հատիսի գագաթին շինարարական աշխատանքներ չեն սկսվել, որ մի բան էլ դադարեցնենք․ Իվետա Տոնոյանը՝ ԿԳՄՍՆ հայտարարության մասին

Հատիսի գագաթին շինարարական աշխատանքներ չեն սկսվել, որ մի բան էլ դադարեցնենք․ Իվետա Տոնոյանը՝ ԿԳՄՍՆ հայտարարության մասին

Շինարարական աշխատանքներ, որպես այդպիսին, չեն ընթանում, որ հիմա էլ դադարեցնենք։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ հայտարարությանը, թե Հատիս լեռան վրա շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով գերատեսչությունը դիմել է Ոստիկանություն։

Նրա խոսքով՝ հուլիսի իննին խորհրդանշական մեկնարկ տրվեց աշխատանքներին, սակայն դրանից հետո «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարեց, որ դիմում է պատկան մարմիններին՝ համապատասխան եզրակացություն և թույլտվություններ ստանալու համար։

«Միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո են իրականացվելու աշխատանքներ և պարտադիր պահպանվելու են բոլոր ընթացակարգերը։ Այսինքն՝ չկան շինարարական աշխատանքներ»,- նշեց Տոնոյանը։

Դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, տարընկալումների առիթ է տվել արձանի տեղադրումը, Իվետա Տոնոյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք մեծ հարգանք ունեն եկեղեցու հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ, բայց իրենք եկեղեցական կառույց չեն ստեղծում, ուստի, դեմ չեն գնում եկեղեցական արժեքներին։

«Մենք ստեղծում ենք նմանը չունեցող մոնումենտալ արձան, որը համերաշխության, հավատքի քարոզ ունենալու է իր մեջ, սակայն սա եկեղեցական կառույց չէ։ Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա սա ուղղակի լավ առիթ էր, որ տարբեր բևեռներ սկսեին Գագիկ Ծառուկյանին վարկաբեկել ու նրա դեմ խոսել»,- նկատեց Տոնոյանը։

Ըստ նրա՝ քննադատություններ եղել են ու էլի լինելու են, բայց քանի որ սա բացառիկ նշանակություն ունեցող ծրագիր է, իրենք իրենց նպատակը կյանքի կկոչեն։

«Այս ծրագիրը, կարծում եմ՝ արժանի է կյանքի կոչվելու։ Իսկ տարբեր ֆինանսական աջակցություններ ստացող կառույցների քննադատություններից զատ, մենք նախաձեռնությունը կյանքի կոչելու վերաբերյալ բացառապես դրական արձագանքներ ենք ստանում։ Էլ չխոսենք տնտեսական հնարավորությունների, նոր աշխատատեղերի ստեղծման, հարակից շրջանների զարգացման մասին, որ բերելու է նախագիծը։ Այս ամենի ֆոնին կարելի է ընդունել քննադատությունները»,- նշեց նա։

Իվետա Տոնոյանը նկատեց, որ իրենք սկսել են բոլոր պարտադիր պետական ընթացակարգերն անցնել, այսինքն՝ օրենքից դուրս որևէ քայլ չեն անում։

Մերի Գևորգյան