Հենց բացվեց Աղդամի ճանապարհը՝ վերջնականապես կփակվի Լաչինի միջանցքն ու Արցախը կհայտնվի ծուղակում

Արցախում այսօր բավականին հետաքրքիր և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որովհետև, կարծես, խնդիր է դրվում որոշ ուժերի կողմից բաժանել հասարակությունը և արհեստականորեն երկու բևեռ ստեղծել ՝ հարմարվողների և պայքարողների։ Հարմարվողական թևը կարծում է, որ մի օր պետք է լեզու գտնել ադրբեջանական կողմի հետ, սնունդի և դեղորայքի հարց լուծել՝ երկրորդական պլան մղելով ավելի կարևոր խնդիր, քանի որ արցախյան ճգնաժամը միայն հումանիտար բնույթ չի կրում, այլ հայրենիքից և հայկականությունից հեռացնելու։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։
«Հենց բացվեց Աղդամի ճանապարհը, ապա նույն ժամանակ վերջնականապես կփակվի Լաչինի միջանցքը և Հայաստանի հետ կապը կդառնա անհնար։ Այս պարագայում արցախցիները կհայտնվեն իրական ծուղակի և աղետի մեջ՝ չունենալով այլ ելք, քան դուրս գալ և լքել հայրենիքը կամ ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը»,- շեշտեց Բալասանյանը։
Անդրադառնալով այն լուրերին, որ երեկ աշխարհազորի հրամանատարը սպառնում էր` Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում տեղի չունենալու դեպքում, ինքն ու դաշտային հրամանատարները ցրելու են կառավարությունն ու խորհրդարանը և նոր ճգնաժամային մարմին ձևավորելու, մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանը կարող է օգտագործել իրավիճակը և, անվանելով դա հակաահաբեկչական օպերացիա, ներխուժել Արցախ։ Տվյալ իրավիճակում մենք չենք կարող մատնվել անգործության, վստահ է մեր զրուցակիցը, հրաժարվել պայքարից և սպասել ՝ տեսնելով, թե ինչպես է Արցախը սովի մատնվում։
«Պետք է ցույց տալ, որ մենք չենք հանձնվելու և Արցախը կարող է դիմադրել, ցույց տալ, որ արցախցիները ոչ մի դեպքում չեն կոտրվելու և չեն ընդունելու Ադրբեջանի գերիշխանությունը»,- շեշտեց նա։
Ապա շարունակեց.
«Ադրբեջանական կողմի պահանջների մի մասը սկսեց կատարվել, երբ հեռացրեցին Ռուբեն Վարդանյանին իր պաշտոնից, որին հետևեցին մի շարք այլ կատարված պահանջներ։ Այստեղ բավականին նուրբ սահման կա և պետք է հասկանալ, թե որ պարագայում կարելի է ինչ-որ հարցերի շուրջ նստել բանակցությունների սեղանին և որ պարագայում հնարավոր չէ բանակցել և պետք չէ զիջել: Եվ հենց այս միտքը պետք է Արցախի իշխանությունները փորձեն հասցնել արցախահայությանը»,- նշեց Բալասանյանը։
Անդրադարձ կատարելով երեկ Արցախից ռուս խաղաղապահների աջակցությամբ դուրս բերված 41 անձանց, որոնց թվում էին նաև ուսանողներ, մեր զրուցակիցը շեշտեց, որ ուսանողները պայքարող ուժն են և նրանց հենց այդ նպատակով են դուրս բերել Արցախից, ինչը շատ վտանգավոր է և պետք չէ, որ տվյալ գործողություններին տրվեն Արցախի իշխանությունները։
Մարիա Զարգարյան