Ցնդաբանություն է․ ՔՊ-ականը՝ Ղազարյանի ծեծը քաղաքական պատվեր որակելու մասին

Ցնդաբանություն է․ ՔՊ-ականը՝ Ղազարյանի ծեծը քաղաքական պատվեր որակելու մասին

Իրականում, տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց եթե նման դեպք է տեղի ունեցել, հանցագործություն է կատարվել, ակնկալում եմ, որ քրեական գործ է հարուցվելու և քրեական վարույթի ընթացքում, վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է օբյեկտիվ, բազմակողմանիորեն և լրիվ քննություն իրականացնի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու փաստը:

Հիշեցնենք, ընդդիմադիր գործչին իր շենքի բակում այսօր դաժան ծեծի են ենթարկել երկու երիտասարդ տղամարդ:

«Միայն հանգամանքները պարզելուց հետո որևէ մեկն իրավունք ունի հարց տալ, թե ի՞նչն էր պատճառը և ո՞վ է մեղավորը։ Պետք է քննվի, աշխարհում ոչ ոք չի կարող գնահատական տալ հանցագործությունից մեկ ժամ անց։ Սա իրավական պետություն է, որևէ մեկը չի կարող անպաշտպան մնալ»,-ասաց նա։ 

Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն հայտարարությունները, թե տեղի ունեցածը քաղաքական պատվեր է և իշխանությունն իր դերն ունի կատարվածի մեջ, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ 

«Ցնդաբանություն է: Դատապարտում եմ, որ որևէ մեկին ծեծի են ենթարկում այս երկրում, եթե ծեծի են ենթարկում, ապա մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, անկախ նրանից, թե ինչ շարժառիթներ կան դրա մեջ»,-ամփոփեց պատգամավորը։ 

Լիաննա Թորոսյան