Հավասարը հավասարի հետ. Արցախից մանրամասնել են՝ ինչ պայմանով կբանակցեն Բաքվի հետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Մարտիրոսյանը, որը նաև ադրբեջանցիների հետ բանակցող խմբում է ներգրավված, օրերս ազատվել է ղեկավարի պաշտոնից։
Հիշեցնենք, որ մինչև պաշտոնանկ լինելը MediaHub-ի հետ զրույցում Մարտիրոսյանն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի այն հայտարարությանը, թե առաջարկում են, որ Ղարաբաղի ներկայացուցիչները ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնեն Բաքվում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Ղարաբաղում։ Սերգեյ Մարտիրոսյանը նշել էր, որ Բաքու գնալու որոշում չունեն, ինքն էլ համաձայն չէ գնալուն։
MediaHub-ը կատարվողի մասին հետաքրքրվեց նաև Արցախի ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանից։ «Իրականում, այդ նշանակումներն ու ազատումներն ԱԺ-ի հետ չեն քննարկվում և մենք էլ որևէ գործառույթ չունենք այս մասով. սա Կառավարությունն է որոշում՝ նախագահի գլխավորությամբ։ Մենք պարզապես մեր տեսակետն ենք ժողովրդին ներկայացնում։ Անկախ ամեն ինչից, մենք մեր պայքարը շարունակում ենք։ Այլընտրանք չկա, քան պայքարն ու հավատարիմ մնալն այն սկզբունքին, որ Արցախն իր անկախությունը որոշել է հանրաքվեով։ Ում են նշանակում, ում են հանում՝ ես կողմ կամ դեմ լինել չեմ կարող, բայց եթե նշանակում են, պետք է հնարավորություն տալ աշխատելու»,-ասաց նա։
Դիտարկմանը, կարող ենք ենթադրել, թե Մարտիրոսյանին ազատել են իր արտահայտած կարծիքի համար՝ Բաքու չգնալու մասին, վերջինս ընդգծեց․
«Չեմ կարող ասել, թե որն է եղել հստակ պատճառը, բայց ո՛չ պարոն Մարտիրոսյանն է որոշում Բաքու գնալ, ո՛չ էլ այլ մեկը, քանի որ մեր ժողովուրդն արդեն որոշել է, որ որպես Արցախի համայնք բանակցություններ չեն լինելու, մենք պատրաստակամ ենք այն բանակցություններին, որտեղ Արդբեջանը կընդունի, որ բանակցում է Արցախի ճանաչված իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Սա է միակ տարբերակը, որ մենք կարող ենք բանակցությունների գնալ, բայց ոչ Բաքվում և ոչ որպես Արցախի համայնք։ Սա ժողովուրդն է որոշել, իսկ իշխանությունները պետք է ժողովրդի որոշածն իրականացնեն։ Եթե ճիշտ չեն աշխատում, ապա մենք պարտավոր ենք ճիշտ տեղը ցույց տալ»։
Անդրադառնալով Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի զինտեխնիկա կուտակելուն և անցկացվող զորավարժություններին՝ հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ սա նաև թույլ բանակցությունների արդյունքն է. «Ստորագրությամբ հանձնված Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում պետք է ապառազմական գոտի լինի, սակայն այնտեղ հիմա լայնածավալ զորավարժություններ են։ Բայց միանշանակ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ատամ է ցույց տալիս Իրանին»,-շեշտեց Հայրապետյանը։
Խոսելով Արցախում տիրող իրավիճակի և տրամադրվածության մասին՝ Սեյրան Հայրապետյանն ընդգծեց, որ պետք է կարգուկանոն մտցվեն պետությունը կառուցելու, պաշտպանելու գործընթացներում։
«Միայն այս դեպքում հաշվի կնստեն բոլորը մեզ հետ։ Հստակ պաշտպանություն և ճիշտ բանակցային ուղի ունենալու դեպքում միայն մեր վերջնանպատակին կհասնենք։ Հայաստանն էլ իր հերթին պարտավոր է կատարել համապատասխան բոլոր այն քայլերը, որ միջազգային հարթակներում մեր ձայնը լսելի դառնա։ Պետք է քիչ խոսել ու շատ գործել, իսկ խանգարողներին ժողովուրդն ամեն ինչ կասի, քանի որ մեր ապագան միայն Արցախում ենք պատկերացնում»,- ամփոփեց Հայրապետյանը։
Լիաննա Թորոսյան