Իշխանության «լուռ» խոստովանությունը

Իշխանության «լուռ» խոստովանությունը

Գրեթե մեկ շաբաթ առաջ բռնություն գործադրվեց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ: Քրեական գործ հարուցվել է, բայց, դատելով մի շարք հանգամանքներից, սա այն դեպքն է, երբ ժամանակ է ձգձգվում՝ հանցագործության բացահայտումը պարտակելու նպատակով:

Ղազարյանը պնդում է, որ իր դեմ իրականացվածը մահափորձ է: Այս պնդումը գուցե սուբյեկտիվ ընկալում է, ինչ-որ իմաստով՝ չափազանցություն, բայց լեգիտիմ է՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հանցագործությունը իրավապահների կողմից չի բացահայտվել:

Հանցագործությունը իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն: Սա արդեն իսկ տեղի ունեցածը «կենցաղայնացնելու» ու կատարվածի քաղաքական ենթատեքստը մերժող վարկած է, ինչը միանգամայն լեգիտիմ կասկածներ է ծնում, որ համակողմանի քննություն տեղի չի ունենալու: Կամ՝ ի՞նչ է նշանակում, որ հանցագործությունից անցել է վեց օր, սակայն բռնություն գործադրող մարդկանցից որևէ մեկը չի հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել բանուկ տեղում, որտեղ առնվազն բազմաթիվ տեսախցիկներ ու վկաներ են եղել: Համենայն դեպս, այդպես է հուշում առողջ բանականությունը:

«Անթարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ տեղի ունեցած անհամեմատ համեստ բռնությունը բացահայտվեց ժամերի ընթացքում, արագ հայտնաբերվեց նաև Սոս Ջանիբեկյանի հասցեին վիրավորանք հնչեցնողը:

Թերևս, այն պատճառով, որ այդ պարագայում տուժածները Փաշինյանի աջակիցներն էին:

Չենք կասկածում, որ այս դեպքում ևս ոստիկանությունը կարող էր արագ բացահայտել հանցագործներին: Խանգարում է ոչ թե իրավապահների պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, այլ տուժողի «քաղաքական ինքնությունը»: Իսկ սա ակամայից հուշում է, որ Ղազարյանի նկատմամբ հաշվեհարդարը կազմակերպվել է հենց իշխանության կողմից: Իշխանության «լռությունը» դրա մասին է:

Վահրամ Բագրատյան