Ներկա պահին արդեն պետք է ժողովրդին զինել․ Մասիս Զեյնալյան

Բանակցություններում իրար չհասկանալու պատճառով ունեցանք այն, ինչ ունեցանք։ MediaHub-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ իրար չեն հասկացել, թուրքերը նախ օդ են կրակել, հետո կրակել են մերոնց վրա։

«Ես տեղյակ չեմ՝ ինչի մասին էին բանակցում, ինժեներական աշխատանքներ էին երկու կողմից իրականացվում։ Ինժեներական աշխատանք լինի-չլինի, մեկ է, էս վեճը շարունակվելու է»,- ասաց նա։

Նա նկատեց՝ ինժեներական աշխատանքներ էին իրականացվում, թեև ադրբեջանցիները հետ չէին քաշվել, իսկ ԱԱԾ-ն հաղորդում էր, որ թշնամին մոտ 300 մետր առաջ է եկել Տեղ համայնքի հատվածում։

«Հենա, էն մեր արոտավայրերն են, մեր բարձունքները (տարածքը չենք նկարահանել, անվտանգության նկատառումներից ելնելով, խմբ․)»,- ասաց նա։

Մասիս Զեյնալյանը նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ամեն ինչ փոխվել է իրենց կյանքում, մարդկանց հոգեկան ապրումներն արդեն իսկ բավարար է։

«Բայց որ ասեմ կոտրվել են՝ չէ, տեղափոխվում են մարդիկ՝ չէ, երեխաներին էլ չեն տարհանում։ Բոլորն էլ պատրաստ են մի մարդու նման, ուղղակի ներկա պահին արդեն պետք է ժողովրդին զինել»,- նկատեց նա։

Հարցին, թե ինչպես կարողացան ադրբեջանցիները մտնել Տեղ գյուղ, Մասիս Զեյնալյանը պատասխանեց՝ շատ սովորական։

«Ըստ օրենքի՝ այստեղ հենց համայնքի ղեկավարն է անվտանգության պատասխանատու։ Հիմա ինքը պիտի մի որոշ բանով տեղյակ պահեր, գոնե գյուղացիները կպահեին, մինչև մեր բանակը կհասներ։ Հենա ներկա պահին էլ է Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ անում։ Հիմա պետք է սպասենք հաջորդ քայլերին»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ռազմական էսկալացիա չի լինելու, Մասիս Զեյնալյանն արձագանքեց՝ դե աչքների տեսածն ու ասածը չեն համապատասխանում իրար։

Հարցին, թե արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները եկել են Տեղ համայնք, ավագանու անդամը պատասխանեց՝ ինքը ԱԺ-ում է եղել օրեր առաջ, խնդրել, որ տարբեր կառույցներից գան, բնակիչների հետ խոսեն, ու իր ասածին արձագանքել է «Հայաստան» խմբակցությունը։ Իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանն էլ է եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։