Պարոն Թոռնիկը պարգևատրում է ստացել՝ Չալաբյանի դեմ ցուցմունք տալու համար․ Էդգար Ղազարյանը՝ Թոռնիկ Ալիյանի՝ «Ոսկեհատ»-ի տնօրեն նշանակվելու մասին

Պարոն Թոռնիկը պարգևատրում է ստացել՝ Չալաբյանի դեմ ցուցմունք տալու համար․ Էդգար Ղազարյանը՝ Թոռնիկ Ալիյանի՝ «Ոսկեհատ»-ի տնօրեն նշանակվելու մասին

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը նոր պաշտոն ունի։ Վերջինս արդեն համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն է նշանակվել։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը MediaHub.am-ի հետ զրույցում շեշտեց, որ այս նշանակումից զարմանալ պետք չէ, քանի որ ըստ նրա՝ ներկայիս Կառավարության օրոք անտրամաբանական նշանակումները քիչ չեն։

«Չմոռանանք, որ ԱԻՆ նախարարը վարկային մասնագետ է, ԱՆ նախարարն իրավաբան է, Էկոնոմիկայի նախարարը տնտեսությանը մեծ վնաս հասցրած մարդկանցից է։ Նշանակալին այն է, որ պարոն Թոռնիկը Ավետիք Չալաբյանի դեպ ցուցմունք է տվել, որի արդյունքում Չալաբյանը հայտնվել է բանտում։ Ստացվում է՝ պարոն Թոռնիկը պարգևատրում է ստացել։ Հատկանշական է, որ այդ պաշտոնին նշանակվելուց հետո, ոչ մի տեղ չի նշվում՝ պարոն Թոռնիկն այլևս Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահը չէ »,-ասաց նա։

Ըստ Ղազարյանի՝ ստացվում է, որ Թոռնիկ Ալիյանը միաժամանակ երկու պաշտոն է զբաղեցնում, որից մեկը բուհական ինքնակառավարման պաշտոն է, մյուսը՝ ռեկտորի ենթակայության տակ գտնվող պաշտոն է, սահմանադրագետի խոսքով՝ սա անհամատեղելի է։

Նշենք, որ «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան: Ղազարյանի դիտարկմամբ՝ սա ակնհայտ փոխհատուցում է Թոռնիկ Ալիյանին՝ Ավետիք Չալաբյանի գործով՝ իր ապօրինի գործողություննեերի դիմաց։