ԱՄՆ-ը սպառնում է Ուկրաինային անջատել Starlink-ից, եթե վերջինս հրաժարվի հանքային գործարքից․ Մասկը հերքել է

Ամերիկացի բանակցողները դիտարկում են Ուկրաինային անջատել Իլոն Մասկի արբանյակային Starlink ինտերնետ համակարգից, եթե Ուկրաինան չհամաձայնի նրանց պայմաններին, գրել է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրների, որոնք ծանոթ են խնդրին։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ բանակցողները ճնշում են գործադրում Կիեւի վրա՝ պահանջելով համաձայնել Ուկրաինայի հանքային պաշարների մասին գործարքին։ Որպես ճնշման լծակ դիտարկվում է երկիրը Starlink-ից անջատելու հնարավորությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի նախնական առաջարկն այս թեմայով։
Հարցը կրկին բարձրացվել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի և Զելենսկու հանդիպման ժամանակ։
Թարմացված 23։59
«Starlink» տերմինալներ արտադրող «SpaceX»-ի սեփականատեր Իլոն Մասկն ավելի ուշ հերքել է Reuters-ի տեղեկությունն այն մասին, որ ամերիկացի բանակցողները սպառնացել են անջատել Ուկրաինային արբանյակային ինտերնետից, եթե հրաժարվի ընդերքի մասին համաձայնագիր ստորագրել։