Մեր զինվորները չեն կրակել, քանի որ մտածել են՝ ադրբեջանցիները եկել են բանակցության․ ՔՊ-ական
Պետք է լինեին բանակցություններ մերոնց ու իրենց միջև, ու երբ եկել է պիկապը, գուցե չի էլ հասկացվել, որ կրակելու են եկել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հայ զինծառայողները չէին կրակում դեպի իրենց եկող ադրբեջանցիների ուղղությամբ։
Նա նշեց՝ մտածել են, որ կարող է եկել են բանակցությունների։
«Ոչ մեկի ողջախոհությանը մենք չենք ապավինում, բացի մեր ողջախոհությունից։ Կոնկրետ երեկվա դեպքի հետ կապված ասում եմ՝ պետք է լինեին բանակցություններ, որոնք տեղի չեն ունեցել։ Բայց ես չեմ կարող մանրամասնել՝ ինչ բանակցություններ են»,- ասաց նա, ապա հավելեց, որ մինչ այդ էլ են եղել բանակցություններ։
Ըստ Ղահրամանյանի՝ այդ պահին եղել է սադրանք ու սկսվել է հրաձգությունը, որը հետագայում վերածվել է մեծ մարտի։
«Ես չեմ մտածում, որ իրենք խոհեմ են, կարծում եմ՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ գնանք խաղաղության։ Սա ուղղակի սադրանք էր, իրենք ուզում են խաթարել խաղաղության բանակցությունները»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ այս երկու տարիներին այդտեղ դիրքեր ու խրամատներ չեն եղել, Ղահրամանյանը պատասխանեց՝ դիրքեր ու խրամատներ եղել են, տղաները բաց դաշտում չէին կանգնած։
Մանրամասները՝ տեսանյութում։