Իրավապահները քնած են․ ձերբակալվածին խոշտանգելու դեպքով մինչ այս պահը որևէ քրեական վարույթ չեն նախաձեռնել

Իրավապահները քնած են․ ձերբակալվածին խոշտանգելու դեպքով մինչ այս պահը որևէ քրեական վարույթ չեն նախաձեռնել

Երեկ ոստիկանության ուղեկցման ընթացքում դիմակավորված անձանց կողմից Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքի առթիվ ոչ մի իրավապահ մարմին որևէ քայլ չի ձեռնարկել։ 

Հիշեցնենք, ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացի Սամվել Վարդանյանին երեկ, ըստ իր փաստաբանների, ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք մեքենայից իջեցրել են, ծեծել, խոշտանգել, նվաստացրել, թքել վրան, ապա նորից նստեցրել մեքենան։ Իսկ թե ինչպես էր ոստիկանների կողմից ուղեկցվող Սամվել Վարդանյանը ճանապարհի կեսից հայտնվել դիմակավորված անձանց ձեռքում, ինքը՝ Վարդանյանը, փաստաբաններին պատմել է, թե ճանապարհի կեսից իրեն ուղեկցող ոստիկաններն ասել են, թե իրենք իբրև թե բնական կարիքներ ունեն, և կանգնել են, որ գնան մի քանի մետր այն կողմ կարիքները հոգան՝ թողնելով իրեն միայնակ մեքենայի մեջ։ Դրանից անմիջապես հետո մոտեցել են դիմակավորված անձինք, մեքենայից դուրս հանել և խոշտանգել։

Փաստաբաններն ասում են, որ սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պատմության մեջ՝ նշելով, որ Սամվել Վարդանյանին խոշտանգել են իշխանությունների ուղիղ ցուցումով։

MediaHub-ը հետաքրքրվեց իրավապահ կառույցներից, թե հրապարակված տեղեկատվության հիման վրա որևէ վարույթ նախաձեռնվե՞լ է ձերբակալված քաղաքացուն խոշտանգելու առթիվ։

Պարզվեց՝ ոչ մի բան, միայն ոստիկանությունն է իր հերթական անիմաստ ծառայողական քննությունը սկսել, որի արդյունքներով, հավանաբար, կպարզվի, որ իրենց ոստիկանները որևէ խախտում թույլ չեն տվել՝ ձերբակալվածին միայնակ թողնելով մեքենայի մեջ, այդ դիմակավորված անձինք էլ իրենց հետ կապ չունեն։ Իսկ քրեական վարույթ այս պահի դրությամբ դեռ չեն նախաձեռնել։

Քննչական կոմիտեից ասացին՝ իրենք հաղորդում չեն ստացել ո՛չ տուժող կողմից, ո՛չ դատախազությունից։ Դատախազությունից էլ ասացին՝ այս պահին բողոք չկա, իրենց ոչ ոք չի դիմել։ Երբ հիշեցրինք, որ մամուլի հրապարակումներն ու փաստաբանի տված հարցազրույցներն արդեն կարող էին հիմք հանդիսանալ վարույթ նախաձեռնելու, դատախազությունից ասացին՝ այս պահին որևէ բան չկա, մեկ-երկու ժամվա ընթացքում տեղեկություն կունենան, կասեն։

Այսինքն՝ մի ամբողջ օր է անցել, ու որևէ իրավապահ մարմին այս հարցով որևէ քայլ չի ձեռնարկել, դեռ պետք է հասկանան՝ քաղաքացուն դիմակավորված անձանց կողմից խոշտանգելու մեջ առերևույթ հանցակազմ կա՞, թե՞ ոչ։ Ու քանի որ խոսքն իշխանական պատգամավորին վիրավորած ընդդիմադիր հայացքներով քաղաքացուն խոշտանգելու մասին է, ո՛չ դատախազ Աննա Վարդապետյանը, ո՛չ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու նրա «արևմտամետ» արժեհամակարգով տեղակալ Արփինե Սարգսյանը, ո՛չ էլ խոշտանգման դեպքերի հետ «ոչ մի առնչություն չունեցող» ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հանցակազմ չեն տեսնի կամ տեսնելու դեպքում էլ հեշտությամբ ծածկադմփոց կանեն, որովհետև հազիվ թե Սամվել Վարդանյանին խոշտանգեին առանց վերևից եկած ուղիղ հրահանգի։

Վահե Մակարյան