Մայրը ճոճվող սեղանի վրա է եղել, երեխան սեղանի տակ խաղացել ու սեղանը կոտրվել է․ դպրոցի տնօրենը՝ 2-ամյա երեխայի մահվան մասին

Մայրը ճոճվող սեղանի վրա է եղել, երեխան սեղանի տակ խաղացել ու սեղանը կոտրվել է․ դպրոցի տնօրենը՝ 2-ամյա երեխայի մահվան մասին

Ծնողական խորհրդի նախագահն ինքնակամ ուզել է օգնել՝ վարագույրներն իջեցնել, որից հետո ճոճվող սեղանը կոտրվել է ու 2-ամյա երեխային վնասել, մորը ոչինչ չի եղել, երեխեն երեկ մահացել է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատի տարածաշրջանի Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստանջյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում երեկ 2-ամյա երեխա է մահացել։ Երեխան հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։ Հուլիսի 7-ին ժամը 12։00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Աստղիկ Հարությունյանը MediaHub.am-ին փոխանցեց՝ քանի որ դասապրոցեսն ավարտված է դպրոցում, որոշվել էր, որ դպրոցը պետք է կարգի բերվի, որպեսզի սեպտեմբերից մաքուր դասասենյակներում դասերը սկսվեն։

«Մաքրության կազմակերպումը հանձնարարվել է փոխտնօրենին, որպեսզի դասարաններից հավաքվեն վարագույրները, 4-րդ դասարանի ծնողական խորհրդի նախագահն ասել է՝ սիրով կհավաքի վարագույները, գնացել է դասարան, բարձրացել սեղանի վրա, որը ճոճվող էր, երեխան էլ սեղանի տակ խաղացել է, հետո սեղանը կոտրվել է»,-պատմեց տնօրենը։

Լիաննա Թորոսյան