Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդմոն Մարուքյանն ազատվել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»:
Փետրվարի 29-ին Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Փաշինյանին է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:
Էդմոն Մարուքյան»,- գրել էր նա։