Խնդիրներ կան, բայց ես պաշտոնից չեմ հեռանում․ քրեակատարողական ծառայության պետ

Խնդիրներ կան, բայց ես պաշտոնից չեմ հեռանում․ քրեակատարողական ծառայության պետ

Մեր համակարգն այնպես է, որ ամենօրյա ռեժիմով կարող են խնդիրներ լինել, բայց իմ հեռացման մասին լուրերն անիմաստ են, որոնց ես ուշադրություն չեմ դարձնում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը՝ խոսելով այն տեղեկությունների մասին, թե վերջինս հեռացվելու է պաշտոնից։

Նշենք, որ ըստ մամուլի՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի մասով սկսվել է գործընթաց: Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին:

«Այս պահին նման որևէ խոսակցություն չկա։ Ես չեմ կարող ասել, թե ինչն է այս խոսակցությունների առիթը, բայց այո՛՝ իհարկե համակարգում խնդիրներ կան, այսքան դատապարտյալ, այսքան կալանավոր, ամեն մեկն իր համար լավ պայմաններ է ուզում, մենք էլ պայքարում ենք սրա դեմ։ Ցանկացած ժամանակ էլ խնդիրներ կարող են լինել, բայց իմ աշխատանքի մասով դժգոհություն երբևէ չեմ նկատել»,-հավաստիացրեց Ատոմյանը։

Լիաննա Թորոսյան