Փաշինյանի վտանգավոր ուղերձը, որն անտեսվեց

Փաշինյանի վտանգավոր ուղերձը, որն անտեսվեց

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը, հասկանալի պատճառներով, հանգամանալից չքննարկվեց: Մի կողմից, մարդիկ ամանորյա տրամադրության մեջ էին, մյուս կողմից՝ Չարենցի ու Թումանյանի միստիկ հիշատակումը մարդկանց ուշադրությունը սևեռեց հենց այս թեմայի վրա:

Մինչդեռ, Փաշինյանը հիշյալ ուղերձում հանդես է եկել երկիմաստ և վտանգավոր շեշտադրումներով:
«Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը», - ասել է վարչապետը՝ շարունակելով.

«Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»:
Փաշինյանի խոսքում հակառուսական շեշտադրումն առավել քան ակնհայտ է՝ թեև այն հանգամանքին, որ նա այդ երկրի անունը չի շեշտում: Ի դեպ, սա քաղաքական տոտալ անպատասխանատվության դրսևորում է, որովհետև երկրի փաստացի ղեկավարի խոսքը, ըստ ցանկության, մեր թշնամիները կարող են օգտագործել տարբեր ուղղություններով:

Մյուս կողմից, Փաշինյանը, մեղմ ասած, չափազանցնում կամ կեղծում է, երբ խոսում է այլ երկրների աջակցության մասին: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն, իհարկե, մի շարք երկրներ դատապարտել են, բայց միայն այդքանը: Գործուն քայլեր, որոնք կբերեն Հայաստանի օկուպացված տարածքների ազատագրմանը կամ Լաչինի միջանցքի բացմանը՝ չի արվել ոչ մի երկրի կողմից:
Ի դեպ, այս հարցում օտարներին մեղադրել չի կարելի, որովհետև օտար որևէ մայրաքաղաքում մեղավոր չեն, որ մեր դիվանագիտությունը ձախողվել է:

Ըստ էության, դրա մասին էր Փաշինյանի ուղերձը, իհարկե՝ այն վերապահումով, որ փաստացի վարչապետը մեղավոր է կարգում ոչ թե իրեն, այլ Ռուսաստանին:

Վահրամ Բագրատյան