Հայաստանում պատերազմ է, իսկ Փաշինյանը կրկին բանակում դավաճանների է փնտրում
Հայաստանի սուվերեն տարածքում երեկ պատերազմ էր, Սյունիքում հայ զինվորներ զոհվեցին, իսկ այսօր ԱԺ-ում ՔՊ-ն քննարկում է բանակում հինգերորդ շարասյան առկայության հարցը։ Ու սա այն դեպքում, երբ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը առավոտյան խոսում էին բանակի երեկվա փայլուն դրսևորման մասին։
Այսպես, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ կարկառուն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին հիշեցրեց, որ նա իր վերջին հարցազրույցում խոսել է հինգերորդ շարասյան մասին։
«Բոլորն էլ զգում էին, որ բանակի ներսում եղել են ինչ-որ բաներ, կարող է նաև վեցերորդ շարասյուն կա։ Շատերս ենք այդ մտքին։ Հիմա խնդրում եմ ասել՝ ձեր զգացողությունները, որ հինգերորդ շարասյուն ունենք, ինչ-որ փաստերի հիման վրա՞ էր, որովհետև երեկ էլ մենք այդ հինգերորդ շարասյան առկայությունը զգացինք, երբ սահմանին դեռ կրակում էին, իսկ մեդիադաշտում մեր տեղաշարժերն էին ի ցույց դրվում»,- ասաց Քոչարյանը։
Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու օր առաջ ինքը ռեպորտաժ է տեսել մի քրեական գործի մասին, որն այն մասին էր, թե ադրբեջանական կողմը գրոհել է ու գրավել է բարձունք, իսկ հայկական կողմը հակագրոհ է արել ու բարձունքը հետ բերել։
«Ու այդ քրեական գործն այն մասին էր, որ բարձրաստիճան զինվորականն իր լիազորությունները զանցառելով, հրամայել է, թե հետ իջեք այդ գրաված բարձունքից, թողեք այն։ Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա բացատրություն։
Ենթադրենք ՊԲ-ն հակագրոհ է արել ու բարձունքը հետ է գրավել, ու մեր բարձրաստիճան զինվորականը հրամայում է հետ իջնել։ Ընդ որում, դիմադրել են, իսկ ինքը չէ որ չէ, բարձունքը հետ է հանձնում։ Պրոբլեմն այն է, որ չկա բացատրություն՝ ինչո՞ւ է հետ հանձնվում։ Իմ տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման վիճակներ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածել, այդպիսի դեպքեր էլ են եղել։
«Կամ պայմաններ են ապահովել, որ հակառակորդը տարածքներ գրավի։ Հետո, որ փաստերը ներկայացվում են, ինքն իր մեղքն ընդունում է։ Բայց ինչի՞ է արել։ Ես մոտիվացիան չգիտեմ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։