Երբ գտել են անտառում հյուծված էր, նռնակն էլ ձեռքին. հրաշքով փրկված Ալեքսը

Երբ գտել են անտառում հյուծված էր, նռնակն էլ ձեռքին. հրաշքով փրկված Ալեքսը

Պատերազմի ու տեղահանության ընթացքում Արցախում նաև հրաշքներ են տեղի ունեցել։ 

Սեպտեմբերի 19-ից գործող օպերատիվ շտաբում, որտեղ հավաքագրվում էին զոհված և անհետ կորած զինծառայողների տվյալները, այդ ցուցակում ավելացավ նաև Ալեքս Մուրադյանի անունը։ Մայրը՝ Ալիսան պատմում է, որ սեպտեմբերի 19-ից կապը կորել էր որդու հետ, իսկ վայրը՝ Շուշիի շրջանի Ղայբալիշեն տեղանքն էր, այդտեղ ամենաթեժ մարտերն էին ընթանում։ Սեպտեմբերի 20-ին, կրակի դադարից հետո հայկական ու ադրբեջանական կողմերի միջև սկսվեցին բանակցությունները որոնողափրկարարական աշխատանքները սկսելու համար։ Առաջին խմբերն արդեն մի քանի ուղղություններով սկսեցին որոնումները։ Ալիսան հրաշքի սպասումով սեպտեմբերի 20-ից օպերատիվ շտաբում էր։ Նրանք, ովքեր ողջ են մնացել այդ հատվածում՝ հույս չէին տալիս, բայց մոր սիրտը զգում էր, որդին ողջ է։ 

Մի քանի ժամվա ընթացքում Ալիսայի մազերը ճերմակել էին։ Նույն օրը գիշերը ժամը 4-ին Ալիսան հեռախոսով որդու համարից sms հաղորդագրություն է ստանում։ Աեքսը գրում է, որ ողջ է, վիրավոր է և նշում է իր գտնվելու վայրը։ 

MediaHub-ը զրուցել է Ալիսայի հետ, վավերագրելու հրաշքով փրկված որդու ընտանիքի պատմությունը։ 

«Ամբողջ գիշեր ուրախությունից չեմ քնել։ Աղերսում էի, որ պառկի, քողարկվի տերևներով (խաշամով), մայկեն հանի ու վերքը կապի, արնաքամ չլինի, մինչև լույսը կբացվի։ Ալեքսի հեռախոսի մարտկոցը նստում էր, երկար գրել, առավել ևս խոսել չէր կարող։ Մենակ ասաց՝ մամ, շատ ծարավ եմ, իսկ ես խնդրում էի չդավաճանես մեզ, դիմացի։ Դա վերջին զրույցն էր, հետո հեռախոսի մարտկոցի էներգիան ամբողջությամբ սպառվեց»,- պատմում է Ալիսան։

Ի վերջո լույսը բացվեց, բայց սպասված որոնումներն այդ օրը չեղարկվեցին։ Ադրբեջանական կողմն ինչ-ինչ պատճառներով չթույլատրեց։ Ալիսան ասում է, որ ամեն ժամը տարի էր թվում՝ որդին վիրավոր է, Ստեփանակերտին շատ մոտ, բայց չի կարող գնալ, օգնել, անընդհատ արտասվում ու միայն աղոթում էր։ 

«Արյուն շատ էր կորցրել, բերանը չորացել էր, չդիտարկվելու համար գիշերը կտրել է ծառի թաց ճյուղը և լիզել, որ դիմանա»,- պատմում է մեր զրուցակիցը։ Չորս օր շարունակ վիրավոր վիճակում, Ալեքսը դիմակայել է սոված, առանց ջրի ու տաք հագուստի։ Դիմացել է, որովհետև մորը խոստացել էր՝ չի դավաճանի։ Երբ փրկարարներն ու ուղեկցորդները մոտեցել են Ալեքսին, հյուծված վիճակում էր, բայց ձեռքին նռնակ կար, ոչ թե կյանքի փրկության համար, այլ Ռոբերտ Աբաջյանի օրինակով, մեռնել արժանապատվությամբ, իր հետ տանելով նաև թշնամու կենդանի ուժին։ 

Ասլանի ու Ալիսայի ընտանիքը 2020 թվականին տեղահանվել էր Հադրութից։ Ապրում էին Ստեփանակերտում։ Բռնի տեղահանումից հետո այժմ ապաստանել են Արգավանդում։ Ալեքսն այժմ կազդուրման փուլում է։

 «Երանի բոլոր պատմություններն այսպիսի ավարտ ունենային»,- ասում է Ալիսան, սրբում արցունքները, շտապում հիվանդանոց որդուն տեսակցության։

Հունան Թադևոսյան