Իմ նահանջը հաղթանակ արժե․ Չեխովի դպրոցի տնօրենի նախկին թեկնածու Տաթևիկ Մելքոնյանը՝ ընտրությանը չմասնակցելու և Ավինյանի ծանոթի ընտրվելու մասին

Իմ նահանջը հաղթանակ արժե․ Չեխովի դպրոցի տնօրենի նախկին թեկնածու Տաթևիկ Մելքոնյանը՝ ընտրությանը չմասնակցելու և Ավինյանի ծանոթի ընտրվելու մասին

Իրականում, սեփական նախաձեռնությամբ, ես փակել եմ մի էջ, որտեղ որոշ պաշտոնյաներ փորձեցին ոչ համարժեք պայքարի մեջ մտնել իմ դեմ: Ես կշարունակեի պայքարել, եթե դա լիներ մանկավարժության, դպրոցին օգտակար լինելու հարթակում: Ինձ համար անընդունելի պայքարում ես ուժեր չեմ վատնում: Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի նախկին թեկնածու Տաթևիկ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Ա․ Չեխովի անվան համար 55 դպրոցում այսօր տնօրենի հերթական ընտրություններից հետո՝ հունիսի 14-ին, տնօրեն է նշանակվել Դիանա Մինասյանը։

Հիշեցնենք նաև, որ ծնողների մի մասը դեմ էր տնօրենի պաշտոնում Դիանա Մինասյանի նշանակմանը, քանի որ պնդում էին` Մինասյանը չունի մանկավարժական կրթություն, դպրոցում աշխատելու և աշակերտների հետ շփվելու փորձ։ Բացի դա, Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։

Նշենք, որ Տաթևիկ Մելքոնյանը, տեսնելով մանկավարժական խորհրդի քվեարկությունը, չի ներկայացել ծնողական խորհրդի նիստին և չի մասնակցել ընտրական գործընթացին։

Մելքոնյանը նշեց, որ չի հանդուրժում իր գործընկերների մասին շրջանառվող էժանագին խոսակցությունները:

«Իմ գործընկերները և իմ աշակերտների ծնողները մշտապես են եղել իմ կողքին, իմ թիկունքում: Նրանք ինձ հարց են տվել և ակնկալել են անկեղծ ու շիտակ պատասխան՝ ի վերջո, քաղաքապետարանը ինձ ձայն տալու՞ է, թե՝ ոչ: Եվ քանի որ ես իրատես մարդ եմ և համարժեք եմ գնահատում այն բազում մեսիջները, թե ինչ էլ անի, միևնույն է՝ որոշում կա և ինքը չի ընտրվելու, ես զերծ մնացի իմ գործընկերներին սին խոստումներ տալուց: Արդեն մեկ տարի տևող այս ձանձրալի գործընթացը ի վնաս դպրոցի է, ի վնաս իմ սիրելի աշակերտների է: Լիազոր մարմնի ստեղծած այս կողմնակալ իրավիճակում, որտեղ առաջնայինը ոչ արածդ աշխատանքն է, ոչ էլ ներկայացրածդ զարգացման ծրագիրը, իմ նահանջը հաղթանակ արժե: Ես ոչ միայն չհրահրեցի սովորողների, ծնողների և գործընկերներիս ընդվզումը քաղաքապետարանի որոշման դեմ, այլև արգելեցի կրթական գործընթացի բնականոն ընթացքը խոչընդոտող քայլեր իրականացնել: Ինձ համար կարևորը երեխան է, նրա կրթական իրավունքի ապահովումը: Առանց այդ էլ, այս վերջին ամիսներին նրանք հայտնվեցին այնպիսի հակամանկավարժական իրավիճակում, որ եթե այն շարունակվեր, երեխաներին պատշաճ ուսումնառության մեջ ներգրավելը կդառնար անհնարին»,-ասաց նա:

Մելքոնյանի խոսքով՝ ի վերջո, տնօրեն է նշանակվում հանրակրթության հետ որևէ առնչություն չունեցող ֆինանսիստը, այն դեպքում, երբ նա հաջողությամբ կարող էր իրականացնել «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված՝ համակարգողի (դպրոցի տնօրենի՝ ֆինանսական գծով լիազորություններն իրականացնողի) պաշտոնային պարտականությունները:

«Ի պատիվ կրթական գործընթացը ճիշտ պատկերացնող անհատների ու կազմակերպությունների՝ պետք է ասեմ, որ համագործակցության բազմաթիվ առաջարկներ ու հրավերներ եմ ստացել: Մարդիկ չեն անտեսում անցածդ ուղին, մանկավարժական հմտություններդ, դիրքորոշումներդ, սկզբունքայնությունդ, հայրենասիրությունդ: Բայց մինչ սեպտեմբեր կմտածեմ հետագա անելիքներիս մասին: Գայթակղիչ ոչ մի հրավերի դեպքում հայրենիքս չեմ լքի։ Ինձ համար աննկատ, բայց մի կարևոր զգացում է սկսել ինձ անհանգստացնել. խորը կարեկցանք եմ զգում այն մարդկանց նկատմամբ, որոնց համար էականը սովորողն ու մանկավարժը չեն: Աստված իմաստություն տա նրանց»,-ամփոփեց Տաթևիկ Մելքոնյանը։

Լիաննա Թորոսյան