Դատաբժիշկները մինչև հիմա չեն հասկանում` քիթս կոտրված է, թե ոչ․ դատախազ Էդգար Պետրոսյանը՝ իր և պարեկների միջադեպի մասին

Դատաբժիշկները մինչև հիմա չեն հասկանում` քիթս կոտրված է, թե ոչ․ դատախազ Էդգար Պետրոսյանը՝ իր և պարեկների միջադեպի մասին

Առողջական վիճակս լավ է․ տեսողությունս վերայանգնվել է․ դատաբժիշկները մինչև հիմա չեն հասկանում` քիթս կոտրված է, թե ոչ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ օրերս պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան և պարզելով, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, նրա նկատմամբ արցունքաբեր գազ էին կիրառել ու բերման ենթարկել։ Էդգար Պետրոսյանը, ըստ պարեկների, չէր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, դիմադրել էր, ուստի, նրան ուժով բերման էին ենթարկել։

Էդգար Պետրոսյանը նշեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել և այս պահին մանրամասներ հայտնել չի կարող։ «Դեպքի հանգամանքների վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող։ Քննչական գործողություններ կան, դրանց ավարտից հետո կխոսեմ Ձեզ հետ»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ արցունքաբեր գազ կիրառելու արդյունքում եղբայրը տեսողությունը ժամանակավորապես կորցրել է։ «Ու ինչի՞ համար` հոծ գիծը հատելու: Եղբայրս միջոցառման է եղել, ճանապարհին վատ է զգացել, մտել է դեղատուն և «Էսկարդ» հանգստացնող դեղամիջոց գնել, «Էսկարդի» մեջ կա նաև ալկոհոլային մաս: Դանիել Իոաննիսյանը հիմա խրախճանքի մեջ է, որ Գևորգ Պետրոսյանի եղբորը կարողացել է ցավ պատճառել, այդքան մի բան»,-պատմել էր Գևորգ Պետրոսյանը:

Լիաննա Թորոսյան