Արկադին հոգեհանգստին ու հուղարկավորությանը ներկա է եղել․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր

Արկադին հոգեհանգստին ու հուղարկավորությանը ներկա է եղել․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր

Վրույրի մեղսունակ ճանաչվելն ինձ համար անակնկալ չէր։ Ասում էին, թե հոգեկան խնդիրներ ունի, բայց ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ Հայաստանում շատերն են այնպես դասավորել, որ, իբրև, հոգեկան խնդիրների պատճառով ազատվեն բանակից։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Վրույրն ու Արկադին մտերիմ են եղել Մելիքսեթյանների ընտանիքի հետ, վերջինս պատասխանեց․

«Մենք, դե, մի գյուղի տղա ենք, շփվել ենք։ Արկադիի հետ մտերիմ լինելու մասին խոսակցությունները ճիշտ են, բայց որ ասում են՝ դեպքից հետո, երբ եկա Հայաստան, Արկադին եկել է ինձ դիմավորելու, սուտ է... բայց հոգեհանգստին, հուղարկավորությանը եկել է»,-ասաց նա։

Խոսելով կասկածյալների ընտանիքի անդամներին հանդիպելու մասին, վերջինս ընդգծեց, որ որևէ իմաստ չկա նրանց հանդիպելու։

«Երկուսի ընտանիքներն էլ գյուղում չեն։ Չեմ կարծում, որ կկարողանան գյուղ վերադառնալ, նույնիսկ, եթե ես գյուղում չլինեմ, ո՞նց պիտի գյուղացիների, հարևանների հետ շփվեն»,- նշեց նա։

Սպանության օրվանից իրար հերթ չտալով վարկածներ էին պտտվում և քանի որ սպանությունը եղել է «լուռ», համագյուղացիները ենթադրել են, թե Վրույրը բակի շանը տևական ժամանակ կերակրել է։

«Վրույրն ընդհանրապես իմ տան տարածքում չի եղել, որ շունս էլ ճանաչեր։ Շատ աբսուրդ խոսակցություններ են եղել այս ընթացքում։ Ես հիմա համբերատար ամբողջ ճշմարտությանն եմ սպասում, ընթացքը ցույց կտա, բայց եթե իմ սեփական կարծիքն եք ուզում լսել՝ գիտեմ, որ երկուսն էլ եղել են»,-ընդգծեց Սևակ Մելիքսեթյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել։

 

Լիաննա Թորոսյան