Փաշինյանի տապալված սպասումները
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նոր փուլ կմտնեն դեկտեմբերին:
«Այս պահին Ադրբեջանի օրակարգում հիմնական թեմատիկան COP-29-ն է»,– ասել է նա՝ հավելելով. «Անշուշտ, դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ»։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ COP-29-ի թեման՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով, պաշտոնական Երևանի համար փակված է:
Նկատենք, որ պաշտոնական Երևանն այս դեպքում արեց առավելագույնը՝ COP-29-ի առիթն օգտագործելու, որպեսզի Բաքվից հասնի պայմանագրի ստորագրման:
Փաշինյանը պատրաստ էր պայմանագիրը ստորագրել արդեն իսկ համաձայնեցված 13 կետերով, անգամ պատրաստ էր նոր զիջումների, բայց Ալիևն անդրդվելի մնաց:
Նա այս պահին Հայաստանի հետ որևէ պայմանագիր ստորագրելու ցանկություն չունի, որովհետև առաջնորդվում է այն հաշվարկներով, որ Հայաստանից ավելի պոկելու հնարավորություն ունի, ավելին՝ վստահ է, որ միջազգային համատեքստը նպաստավոր է դրա համար:
Անգամ հայ ռազմագերիների սիմվոլիկ վերադարձ տեղի չունեցավ, ինչը նշանակում է՝ Ալիևը չի մտածում անգամ ռեպուտացիոն ռիսկերի մասին՝ չնայած COP29-ի անցկացման հետ կապված միջազգային աղմուկին:
Սա, իր հերթին, նշանակում է, որ միջազգային համաժողովից հետո Բաքվի հռետորաբանությունն ավելի ագրեսիվ է դառնալու:
Սուրեն Սուրենյանց