Ռուսաստանցիներին խորհուրդ են տվել Ուզբեկստան մեկնելիս շրջանցել Կարակալպակստանը

Ռուսաստանցիներին խորհուրդ են տվել Ուզբեկստան մեկնելիս շրջանցել Կարակալպակստանը

Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել է ռուսաստանցիներին, որ այդ երկիր մեկնելիս հարկավոր է օգտվել Կարակալպակստանը շրջանցող երթուղիներից, որտեղ անկարգությունների պատճառով արտակարգ դրություն է մտցվել. այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին Ուզբեկստանի Հանրապետություն ուղևորություններ պլանավորելիս խորհուրդ ենք տալիս առաջնորդվել վերոնշյալ տեղեկություններով և օգտագործել այլընտրանքային երթուղիներ»,- ասվում է դիվանագիտական առաքելության Telegram-ի ալիքում։

Դեսպանատունը հիշեցրել է, որ արտակարգ դրության սահմանման կապակցությամբ Նուկուսի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվում է պարետային ժամի ընթացքում, և նախապես պլանավորված չվերթները կիրականացվեն ճշգրտված չվացուցակով։

«Ժամանակավորապես դադարեցվել է մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անցումը ուզբեկա-ղազախական սահմանի Դաութ-ատա-Տաժեն ավտոմոբիլային անցակետով»,- հավելել է մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ Ուզբեկստանի կազմի մեջ մտնող Կարակալպակյան Ինքնավար Հանրապետությունում օրերս զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ Նուկուս քաղաքում անկարգությունների պատճառով խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում կան զոհեր։ Անկարգություններ կազմակերպող ցուցարարները ձերբակալվել են։ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ը Կարակալպակստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, ինչպես նաև պարետային ժամ սահմանել։ Ցույցերի պատճառ է դարձել Ուզբեկստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկությունը, որով վերացվելու է Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը։ 2 մլն բնակչություն ունեցող Կարակալպակյան Ինքնավար Հանրապետությունը Ուզբեկստանի ամենամեծ շրջանն է և զբաղեցնում է երկրի տարածքի 40 տոկոսը։