Փաշինյանի հերթական «նվերը» Բաքվին

Փաշինյանի հերթական «նվերը» Բաքվին

Հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական՝ վերջին օրերի սահմանային լարված իրավիճակի ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները լռում են՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հնարավոր դեմ առ դեմ հանդիպման մասին։

Իշխանական թեւից MediaHub-ին փոխանցեցին, որ Փաշինյանը Ալիեւի հետ հնարավոր հանդիպման մասին թիմակիցների հետ ոչինչ չի քննարկել, թեպետ ենթադրվում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գրասենյակում դեկտեմբերի 2-ին եւ 4-ին տեղի ունեցած հանդիպումների առանցքում պետք է լիներ Հայաստանի վարչապետի մտահոգությունները՝ սահմանային լարվածության եւ դրանով պայմանավորված Ալիեւին ամեն գնով միջնորդավորված երկխոսության կանչելու հարցը։ Ալիեւը փակուղի է տանում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու միջնորդավորված գործընթացը, իսկ Փաշինյանը՝ կա՛մ խայծը ուտում է, կա՛մ որոշել է հրաժարվել Բրյուսելի եւ Մոսկվայի աջակցությունից։ 

Տպավորություն է, որ Փաշինյանն ու Ալիեւը հրաժարվելով միջնորդներից՝ իրար մեջ են հարցերը լուծում։ 

Թերեւս ասվածի վկայություն է նաեւ այն, որ հայ-ադրբեջական սահմանային լարվածության պայմաններում դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցում ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր եւ 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ Այս տարվա փետրվարի 21-ին էր Բաքվում Ալիեւը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին՝ ընդգծելով անհետ կորածների ճակատագրի եւ զանգվածային հուղարկավորության վայրերի հստակեցման հարցում Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում որդեգրելու կարևորությունը։ Տարվա ավարտին Փաշինյանը հերթական, այսպես ասած, հումանիտար քայլն է անում, այսպես ասած՝ հագուրդ տալով Ալիեւի կրքերին։ Իսկ ի՞նչ է ստանում փոխարենը: Հարցը, թերևս, հռետորական է:

Արդեն հստակ է, որ դեկտեմբերի 7-ին կայանալիք բրյուսելյան քառակողմ հանդիպումը տեղի չի ունենա, թեեւ դրա մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջեւ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի ղեկավարը, ինչպես ավելի վաղ հայտարարել է, առարկություններ ունի դեկտեմբերի 7-ին հանդիպման ձեւաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ նշելով, որ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Ալիեը դեմ է Մակրոնի ներկայությանը՝ այդ թվում և վերջին օրերին Ֆրանսիայի սենատի ընդունած հայանպաստ օրինագծերի պատճառով։ 

Ըստ այդմ, բաց է մնում հարցը՝ Փաշինյան-Ալիև հանդիպում մինչև տարեվերջ կլինի, թե ոչ:

Լիա Սարգսյան