Արցախի ընդվզումը Փաշինյանի դեմ 

Արցախի ընդվզումը Փաշինյանի դեմ 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում  լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նախագահը:


Փաշինյանի ելույթն Արցախում լայն արձագանք է ստացել։
Քաղաքական ողջ էլիտան ընդդիմանում է Հայաստանի վարչապետի երեկվա ելույթին ու դրան ընդդիմանալու հենքով Արցախում տեղի է ունենում քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիա։

«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, մյուս կողմից՝ ենթակայություն հնարավոր չէ: Տարբերակը, որով պետք է առաջնորդվենք, պահպանել ստատուս-քվոն, ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են՝ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր, շարունակելով ապրես այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության: Դա կարող է լինել անկախացում, կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, դա կարող է լինել Ռուսաստանի հետ հարաբերություններ՝ ուղղահայացի շրջանակներում»,- երեկ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այս պարագայում կարևոր է այն հանգամանքը, որ Հարությունյանը, ով միշտ լոյալ է եղել Փաշինյանին ու նրա իշխանությանը, բացահայտ հակադրվում է պաշտոնական Երևանին։ Մյուս կողմից, Արցախի հասարակությունը Փաշինյանի երեկվա հայտարարություններն ընկալել է՝ որպես Հայաստանի կողմից Արցախի հարցում «ձեռքերը լվանալու» քաղաքականություն։ Նման հայտարարությունները խուճապային տրամադրություններ են ստեղծում Արցախում՝ բերելով դրա հայաթափմանը՝ ոչ պակաս, քան Ադրբեջանի իշխանության ագրեսիվ քաղաքականությունը։

Վահրամ Բագրատյան