Բաքվի ռազմավարությունը 44-օրյա պատերազմից հետո մեկն է՝ ամբողջությամբ կլանել Արցախը․ Վարդան Ոսկանյան

Բաքվի ռազմավարությունը 44-օրյա պատերազմից հետո մեկն է՝ ամբողջությամբ կլանել Արցախը․ Վարդան Ոսկանյան
Բաքվի ռազմավարությունը 44-օրյա պատերազմից հետո մեկն է՝ ամբողջությամբ կլանել Արցախը․ Վարդան Ոսկանյան

Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի ռազմավարությունը 44-օրյա պատերազմից հետո մեկն է՝ հնարավորին զրկել մեզ՝ որպես պետությունն և ազգ, մեր անվտանգության ու կենսունակության համար անհրաժեշտ աշխարհագրական անխտիր բոլոր բնագծերից, ամբողջությամբ կլանել Արցախը, իսկ Հայաստանը, թշնամու համար վատթարագույն սցենարում, վերածել որևէ դիմադրողականությունից և հեռանկարից զուրկ փաստացիորեն «ազգագրական» ռեզերվացիայի։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է իրավագետ Վարդան Ոսկանյանը։

«Քանի դեռ մեզանում պատրանքներ կան, որ ֆիզիկական, քարոզչական, բարոյահոգեբանական իմաստով այս կամ այն տարածքը զիջելու կամ մեր անզոր լինելու հետևանքով թշնամին կհանդարտվի և կհրաժարվի իր ցեղասպան ծրագրերից, մենք որևէ հնարավորություն չենք ունենալու վերականգնվելու և կործանիչ հակահարված հասցնելու նրան։

Հետևաբար, մեր խնդիրը ոչ միայն թշնամին է, այլ նաև մեզանում ցավալիորեն դեռ առկա երկու՝ մեկը մյուսին «փոխլրացնող», տկարամիտ և կործանարար մոտեցումները, որոնք շատ պարզ լեզվով կարելի է բանաձևել՝ «զիջենք ու թշնամին կհանդարտվի» և «մեր անվտանգությունը մեր անզորության մեջ է»։

Սա հենց «ազգագրական» ռեզերվացիայի թշնամական եղկելի ռազմավարության իբր «գաղափարական հիմնավորումն» է մեզանում՝ ըստ էության, հենց թշնամու քարոզչության խորապես քայքայիչ տարր, որով ախտահարում են մեր հասարակության մի մասի միտքն ու սիրտը, փորձելով նրան մղել ոչ թե արժանապատիվ, հզոր և զարգացող Հայաստան պետություն ունենալու վեհ տեսլականի, այլ «Հայաստան» կամ, ավելի ճիշտ, «էրմանիստան» ցուցանակով ռեզերվացիայի թշնամական մտքի հետ իբր հաշտ ապրելու»։