Փաշինյանը փոխեց հռետորաբանությունը, երբ դուրս եկանք փողոց և անհամաձայնություն հայտնեցինք․ Վանեցյան

Փաշինյանը գիտակցել և հասկացել է, որ այլևս չի կարող առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, կարծիք հարցնելու գնալ միակողմանի զիջումների և հիմա, որ ասում է՝ միայն հանրային լայն քննարկմամբ պետք է լինի ինչ-որ փաստաթղթի ստորագրում, չեմ ուզում կրկնվել, բայց ստում է, սա բոլորս գիտենք։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի այն հարցին, թե Փաշինյանը Արցախի կարգավիճակի մասով հռետորաբանությունը փոխել է՝ նշելով, որ ժողովրդի թիկունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը կոչ արեց համախմբվել՝ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ վերջինս նշեց՝ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք ՀՀ-ի և Արցախի շուրջ։

«Ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն իր հռետորաբանությունը փոխեց այն ժամանակ, երբ մենք դուրս եկանք փողոց ու հայտնեցինք մեր անհամաձայնությունը նրա վարած քաղաքականության վերաբերյալ»,- ասաց նա։

Վանեցյանը հիշեցրեց Բաքվի առաջարկած 5 կետերը, որոնք այս իշխանության համար ընդունելի են և դիտարկեց՝ ոչ ոքի չեն հարցրել, թե արդյոք այդ կետերն ընդունելի է ժողովրդի համար։ «Ներքին լսարանին մոլորեցնելու համար նրանք փորձում են այս ալիքը կասեցնել, բայց մեր ժողովուրդը չի խաբվելու և կանգնելու է մինչև վերջ ու պահանջատեր է լինելու այս հարցին»։