Շահրամանյանը խոսեց երկար՝ առանց փակագծեր բացելու 

Շահրամանյանը խոսեց երկար՝ առանց փակագծեր բացելու 

Շաբաթ օրը երեկոյան Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեծածավալ հարցազրույցը: 

Շահրամանյանի ներածական խոսքի ենթատեքստից կարելի էր վստահ եզրակացնել, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն, ըստ էության, հրաժարվել է եթեր տալ Արցախի նախագահին: Սա առնվազն տարակուսելի փաստ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անցած օրերին Հայաստանի թիվ մեկ եթերում հայտնվել են բազմաթիվ գործիչներ, որոնց խոսքի թիրախը եղել է հենց Շահրամանյանը:

Ինչևէ, գանք հարցազրույցի բովանդակությանը և արձանագրենք, որ Արցախի նախագահն, ըստ էության, չարեց բացահայտումներ, որոնք նորություն էին հասարակության լայն շերտերի համար:

Վերահաստատվեց այն ակնհայտ ճշմարտությունը, որ Սամվել Բաբայանի հետ Բաքվում որևէ մեկն «ավտոնոմիայի» հարց չի քննարկել:

«Ռազմական գործողությունները սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք։ Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում»,- բազմանշանակ ասել է Արցախի նախագահը: Կարծում ենք՝ Շահրամանյանի ակնարկը վերաբերում է ոչ միայն ռուսական խաղաղապահ առաքելության անգործությանը, այլ նաև Հայաստանի իշխանության իներտ պահվածքին:

Մյուս, հարաբերական առումով նորությունն այն էր, որ պաշտոնական Ստեփանակերտը դժնդակ այդ օրերին Բաքվի հետ հարաբերվել է ոչ թե ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով, այլ ուղիղ:

Մեր տրամադրության տակ կան նույնիսկ ադրբեջանական կողմի պաշտոնյաների ազգանուններն ու պաշտոնները, սակայն դրանք հրապարակելն առնվազն հրատապ չենք համարում:

Արցախի լուծարման մասին իր հրամանագիրը բացատրվեց այն հանգամանքով, որ «այն թույլ է տվել մեր բնակչությանը անվտանգ դուրս գալ Արցախից»:

«Մենք դեռ ժամանակ կունենանք անդրադառնալու այդ փաստաթղթին», - վստահեցրել է Սամվել Շահրամանյանն՝ ակնարկելով, որ հնարավոր է անգամ դրա չեղարկումը:

Ըստ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, «հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել մեր ժողովրդի, Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետ վերադարձը»

Մեզ թույլ ենք տալիս, առնվազն այս փուլում, կասկածի տակ դնել այս նպատակի իրատեսական լինելը:

Ցավոք, Արցախի էջը փակված է ու նման պնդման համար ունենք բազմաթիվ փաստարկներ:

Առհասարակ, Սամվել Շահրամանյանը կաշկանդված էր, որը, մի կողմից, կարելի է բացատրել Հայաստանի իշխանության հետ հարաբերությունները չսրելու ցանկությամբ, մյուս կողմից, Բաքվի բանտերում գտնվող գործիչներին չվնասելու անհրաժեշտությամբ:

Վահրամ Բագրատյան