Սամսոնյանին ու Սաղաթելյանին ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ իշխանությունների կողմից
Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են
Նրանց ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ գործող իշխանությունների կողմից:
Այսպես՝ սույն թվականի մարտի 22-ին Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին՝ խուլիգանության հանցակազմի հիման վրա, իսկ նրանց բերման ենթարկելու գործընթացը զուգորդվեց անձի արժանապատվությունն ու անձնական անձեռնմխելիությունը նվաստացնող ուժի կիրառմամբ՝ ծայրահեղ անհիմն ու անհամաչափ բռնությամբ:
Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվող արարքի իրավական գնահատականը
Համաձայն հարուցված քրեական հետապնդման Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմը, այն է՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով:
Անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ նշված հանցակազմի խմբագրությունը իշխող քաղաքական ուժի կողմից 2021 թվականի հուլիսին ՀՀ նախկին քրեական օրենսգրքում լրացված, ապա միջազգային ճնշման ներքո հանված հանրահայտ «Ծանր վիրավորանքի» հանցակազմի պարզունակ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, որը նպատակն ունի կամայական ձևով պատժել իշխանության հասցեին քննադատական խոսք հնչեցնող քաղաքացիներին:
Նշված պարզ օրենսդրական հնարքների արդյունքում իշխող քաղաքական ուժն առերևույթ փորձել է մի կողմից խուսափել խոսքի և տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքների մասով միջազգային կառույցների կողմից իրեն վերագրվող պահանջից, մյուս կողմից՝ շարունակել քրեաիրավական գործիքակազմի օգնությամբ պատժել իր հասցեին քննադատական խոսք հնչեցնող ընդդիմադիրներին:
Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանավորումը նշված նպատակի առերևույթ ապացույց է
Ավելին, այս հանցակազմի նման մեկնաբանությունն ուղղակի հակասության մեջ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեւավորած նախադեպային պրակտիկային, համաձայն որի՝ պաշտոնատար անձանց նկատմամբ քննադատական խոսքի թույլատրելի սահմաններն անհամեմատ ավելի լայն են։
Մասնավորապես
Լինջեսն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ քաղաքական գործչի նկատմամբ թույլատրելի/ընդունելի քննադատության սահմանները ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում։ Նշված անձինք անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր արտահայտության և գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, և, հետևաբար, պարտավոր են հանդուրժողականության ավելի բարձր աստիճան դրսևորել։
Գունդեմն ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ ժողովրդավարական պետության իշխանությունները պետք է հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ, նույնիսկ եթե այն պրովոկացիոն կամ վիրավորական բնույթ ունի։
Ռոդրիգեսն ընդդեմ Պորտուգալիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ «հանրային դեր» ունեցող անձի նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում։
Դալբանն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ-ը թույլատրելի է համարել քաղաքական գործչի նկատմամբ հնչած մեղադրանքները՝ կոռուպցիայով զբաղվելու և պետական միջոցները վատ կառավարելու վերաբերյալ։
Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ը թույլատրելի է համարել քաղաքական գործչի նկատմամբ հնչած «ապուշ» (idiot) որակումը։
Լոպես Գոմես Դա Սիլվան ընդդեմ Պորտուգալիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ քաղաքական վիրավորանքները/մեղադրանքները հաճախ տեղափոխվում են անձնական դաշտ։ Սրանում պետք է տեսնել քաղաքական պայքարի չնախատեսված շրջադարձ, որն ընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։
ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԵՒ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼԸ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։
Համաձայն բանաձևի՝ անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ /Սամսոնյանի արժանապատվությունն ու անձնական անձեռնմխելիությունը նվաստացնող ձևով բերման ենթարկելը հաստատում է սույն չափանիշի առկայությունը: Ավելին, ակնհայտ է, որ եթե Սաղաթելյանի ձերկալումը ժամանակագրորեն չհաջորդեր Սամսոնյանին խայտառակ ձևով բերման ենթարկելու տեսաձայնագրության հրապարակմանը, և իրավապաշտպանների կողմից դրա խիստ քննադատությանը, ապա նա ազատությունից կզրկվեր նույնանման եղանակով/.
եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով՝ առանց որևէ առնչության /Վ. Սաղաթելյանն ու Ն.Սամսոնյանը հանրահայտ ընդդիմադիր գործիչներ են, ովքեր վարում են լայն դիտելիություն ունեցող ընդդիմադիր վերլուծական փոդքասթ, ում նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և կալանքի կիրառումն իրենց ընդդիմադիր գործունեության և քաղաքական իշխանության ներկայացուցիչների քննադատության ուղղակի հետևանք է/.
եթե քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է / այս չափանիշի առկայությունը հավաստելու բավարար է վկայակոչել, որ ընդդիմադիրների նկատմամբ նմանատիպ բառապաշառ օգտագործող իշխանության կողմնակիցները երբևէ նշված հոդվածով չեն կալանավորում կամ նման խայտառակ ձևով բերման ենթարկվում/.
եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում (այս չափանիշի առկայությունը հավաստելու կրկին բավարար է վկայակոչել, որ ընդդիմադիրների նկատմամբ նմանատիպ բառապաշառ օգտագործող իշխանության կողմնակիցները երբևէ չեն կալանավորում կամ բերման ենթարկվում տվյալ, իսկ առաջադրված մեղադրանքի համատեքստում Սամսոնյանն ու Սաղաթելյանը որևէ կերպ չէին կարող ազդել նախաքննության վրա, առավել ևս՝ կալանքին այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի կամ գրավի պայմաններում).
եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին (անգամ այս իշխանության ամենամոլի կողմնակիցների համար ակնհայտ է, որ եթե Սաղաթելյանն ու Սամսոնյանը չլինեին այս իշխանության հայտնի ընդդիմախոսներ, ապա այսօր կալանավորված չէին լինի):
Ամփոփելով վերոգրյալն ու առկա փաստերը՝ ակներև է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալներ են և անհապաղ պետք է ազատ արձակվեն, իսկ օրենսդրական հնարքի արդյունքում քողարկված ծանր վիրավորանքի ինստիտուտը շարունակվում է օգտագործվել այս իշխանությունների կողմից՝ իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու և պատժելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն դադարում խեղաթյուրել իրավական գործիքակազմերը՝ ընդդիմախոսներին ճնշելու, մեկուսացնելու, անձի արժանապատվության, անձնական ազատության, խոսքի և տեղեկատվության հիմանարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ, իսկ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը նշված համառ քաղաքականության հերթական թիրախներն են:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն