Պատրաստ ենք սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա

Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի, ցավոք, չհաջողվեց Տեղ գյուղի հատվածում սահմանապահների տեղակայումն իրագործել առանց սրացումների։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մարտի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով զոհվեցին չորս հայորդիներ։

Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ընկած զինծառայողների հիշատակը։

«Դեպքի մանրամասներին չեմ անդրադառնում։ Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին, ապա կարծում եմ, որ այն մանրամասն քննության կարիք ունի։ Միևնույն ժամանակ, պիտի արձանագրեմ, որ նշված հատվածում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են, և հակասում են ունեցած հանդիպումների արդյունքում ընդունված հայտարարություններին»,- նշեց նա։

Այս համատեսքստում Փաշինյանը կարևորեց ԵՄ հայտարարությունը։

«Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը պատրաստ է գնալ զորքերի հետքաշման՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով»,- նշեց Փաշինյանը։

Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։

«Այդպես է գերիների վերադարձի հարցում, Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- նկատեց նա։

Փաշինյանը վստահեցրեց՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ բանակցությունների գնալու քաղաքականությանը։

«Պատրաստ ենք սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։