Թուրքիայի խոշոր քաղաքներում մեկնարկել է «Դուրս գանք ՆԱՏՕ-ից» արշավը

Թուրքիայի խոշոր քաղաքներում մեկնարկել է «Դուրս գանք ՆԱՏՕ-ից» արշավը

Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում «Հայրենիք» (Vatan) կուսակցությունը լայնամասշտաբ արշավ է սկսել երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու համար. այդ մասին հաղորդում է Aydınlık թերթը։

Կուսակցության գլխավոր քարտուղար Դոգու Փերինչեքը կարծում է, որ Թուրքիայի դուրս գալը Հյուսիսատլանտյան դաշինքից դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական ապագայի վրա։

«Vatan կուսակցության կողմից ամբողջ երկրում ձեռնարկված «Դուրս գանք ՆԱՏՕ-ից» արշավը հետաքրքրությամբ է ընդունվել հասարակության բոլոր շերտերի կողմից», - ասված է պարբերականի հրապարակած հոդվածում։

Նշվում է, որ ակցիային իրենց աջակցությունն են հայտնել հասարակ քաղաքացիները, որոնք մոտեցել են քաղաքային ու մարզային հրապարակներում ստորագրահավաքի համար տեղադրված սեղաններին։

«Հայրենիք» կուսակցությունը ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում։ Այս կուսակցության ներկայացուցիչներն ակտիվորեն կոչ են անում սերտ համագործակցություն հաստատել Թուրքիայի և եվրասիական տարածաշրջանի միջև։