Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ առանց ինչ-որ պայմանների․ Հարցազրույց Գուրգեն Ներսիսյանի հետ

Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ առանց ինչ-որ պայմանների․ Հարցազրույց Գուրգեն Ներսիսյանի հետ

MediaHub-ը զրուցել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ 

-Պարոն Ներսիսյան, օղակը Արցախի շուրջ գնալով սեղմվում է ու կարծես` ելքերը չեն երևում: Ադրբեջանը շարունակում է պնդել իր կազմ ինտեգրվելու մասին, ՀՀ իշխանությունները սրան չեն առարկում: Այդ դեպքում ի՞նչ լուծում է լինելու այս ճգնաժամին:

-Լուծումը կա, դա 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունների կատարումն է, Հաագայի դատարանի որոշման պահանջի կատարման ապահովումը ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից: Սրան հասնելու համար պետք է խնդիրն անընդհատ ներկայացնել բոլորին, ցույց տալ դրա իրական կողմերը, հետևանքները: Շարունակաբար պետք է միջազգային իրավական հարթակներում գործընթացներ նախաձեռնել: 

Արցախցիները վաղուց հոգնել են տարբեր սուբյեկտների չառարկայացված հայտարարություններից, մտահոգությունների բարձրաձայնումից, մեզ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որին հասնելու համար պետք է խնդիրը ներկայացնել յուրաքանչյուրին, երկիր առ երկիր: Իհարկե մեր հնարավորություններն այդ առումով սահմանափակ են, բայց մենք ևս անելիք ունենք: Պետք է հասկանանք, որ ոչ ոք հենց այնպես չի գալու և լուծելու մեր խնդիրները, պետք է բոլորի հետ աշխատել, անհրաժեշտության դեպքում աշխատել անհատապես, հենվելով միջազգային իրավունքի նորմերի վրա: 

Ինտեգրման մասին խոսք լինել չի կարող. դա ոչ թե իմ կամ մեկ ուրիշի կարծիքն է միայն, այդպես է մտածում Արցախի ողջ բնակչությունը, քանզի մեր ծնողները, մեր պապերը երբեք ադրբեջանցիների հետ ինտեգրված չեն եղել և տասնամյակներ շարունակ ապրել են ադրբեջանցիների կողմից ծրագրավորված թշնամանքի, զավթողականության և ատելության պայմաններում: 

-Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը ներկայացվեց այնպես, թե սա Բաքվի պահանջն էր ու նաև նախապայմաններից մեկը, որ Լաչինի միջանցքը դրանից հետո կբացվի: Իրավիճակը, սակայն, լրիվ հակառակն է` Արցախում ճգնաժամն ավելի է խորացել: Ի վերջո, ինչի՞ դիմաց Լաչինի միջանցքը կբացվի կամ՝ Դուք հավատում եք, որ սա մի օր տեղի կունենա: 

-Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ առանց ինչ-որ պայմանների, նույնիսկ սխալ է նման հարցադրում անելը, քանզի դրա մասին կա միջազգային բարձր դատարանի որոշում, ի վերջո դա պարտականություն է, որը դրվել է Ադրբեջանի վրա միջազգային իրավունքի նորմերի ու ստանձնած պարտավորությունների հիման վրա: Ես համոզված եմ, որ ի վերջո Ադրբեջանը ստիպված է լինելու ենթարկվել միջազգային իրավունքին ու կատարել դատարանի՝ նախապայմաններ չպարունակող որոշումը: 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա իմ կողմից ճիշտ չէր լինի նրա պաշտոնանկության պատճառներն ու հիմնավորումները մեկնաբանելը կամ դրանց վերաբերյալ ձեր պնդումների շուրջ քննարկում ծավալելը, բայց ինձ համար մի բան պարզ է. Ադրբեջանն ունի բացահայտ հանցավոր նպատակներ և շարժվում է դրանց իրագործման ուղղությամբ, իսկ մենք պետք է չեզոք հայտարարություններ ու արձագանքներ ակնկալելու փոխարեն աշխատենք առարկայացնել այն ամենը, ինչն անհրաժեշտ է միջազգային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի քայլերը մերկացնելու և օբյեկտիվ ճշմարտությունը ի ցույց դնելու ուղղությամբ: 

-Ի՞նչ գործառույթ պետք է իրականացնեն ՀՀ իշխանություններն այս օրերին Արցախի հետ կապված տիրույթում, որը չեն իրականացնում:

-Մենք ոչ միայն Հայաստանի, մենք քաղաքակիրթ բոլոր երկրների ուշադրության ու օգնության կարիքն ունենք, իսկ ամենամեծ աջակցությունը մեր իրավունքները, ազատությունները, մեր ինքնորոշման իրավունքն ու անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքներն ու վտանգները, Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ ուժի կիրառումն ու կիրառման սպառնալիքի դեպքերը աշխարհին ներկայացնելն ու արդյունք ապահովելն է, որի ուղղությամբ անելիքներն անսպառ են: 

- Ձեր հայտարարությունն այն մասին, թե Արցախից Հայաստան այսուհետ մեկնելը հնարավոր կլինի խիստ անհրաժեշտության դեպքում միայն, վկայում է իրավիճակի վատթարացման մասին, թեև էլ ո՞ւր: Կա՞ն, արդյոք , խուճապային տրամադրություններ Արցախում:

-Ոչ թե այսուհետ, այլ ընդհանրապես: Արցախում ապրում են մարդիկ, ովքեր աշխարհի բոլոր մարդկանց նման ունեն ուրախություններ, դժբախտություններ, առողջական խնդիրներ և այլն: Եթե մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ը մեր քաղաքացիները կարողանում էին անարգել գնալ Հայաստանի Հանրապետություն և վերադառնալ, ապա դրանից հետո մենք զրկվեցինք այդ հնարավորությունից, որը տևեց բավականին երկար: Սակայն ստեղծվեց մի իրավիճակ, երբ ընտանիքի մի անդամը չկարողացավ գնալ ՀՀ և մասնակցել մյուս անդամի հուղարկավորությանը կամ վերջին անգամ տեսնել մահամերձ վիճակում գտնվող հարազատին: Նման իրավիճակները ստիպեցին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին մեր քաղաքացիներին մարդկային հավելյալ տառապանքներից զերծ պահելու համար ժամանակ առ ժամանակ որոշակի թվով մարդկանց տեղափոխել ՀՀ՝ նախապես երկարատև բանակցություններ վարելով ադրբեջանական կողմի հետ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան համաձայնվում էր՝ մեր քաղաքացիների վերադարձն արգելելու ներքին նպատակով, սակայն կյանքում կան իրավիճակներ, որոնք անտեսելը հնարավոր չէ: Ադրբեջանը այս հանգամանքը օգտագործելով նաև իրագործել է տեղեկատվական գրոհ՝ ստեղծելով մի տեսարան, թե իբր ռուս խաղաղապահները, այսպես ասած, Արցախը դատարկում են հայերից: Այդ պատճառով իմ կողմից հայտարարվել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստանի Հանրապետություն կարող են գնալ միայն Կենտրոնի հետ համաձայնեցնելուց հետո և միայն ծայրահեղ դեպքում:

Բնական է, որ Արցախում ապրող մարդիկ ունեն նաև մտահոգվելու հատկություն, ուստի կեղծ լուրեր շրջանառվելու դեպքում լինում են նաև այդպիսի տրամադրություններ, սակայն իրականությունը պարզվելուն պես դրանք հարթվում են:

 

Լիաննա Թորոսյան