Ո՛չ ռուսական տարբերակ կա, ո՛չ էլ ամերիկյան․ ԱԳ փոխնախարարը՝ Արցախի հարցի մասին
Ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան և ո՛չ էլ ֆրանսիական տարբերակ չկա, կան հայկական ու ադրբեջանական տարբերակներ։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման շուրջ շրջանառվող լուրերին, թե կան մի քանի տարբերակներ։ Նրա խոսքով՝ որևէ այլ փաստաթուղթ, որևէ այլ մայրաքաղաքում չի ստեղծվել։
«Հիմա բանակցվում են հիմնական սկզբունքները, որոնց շուրջ պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»,- ասաց փոխնախարարը։
Հարցին, թե այդ դեպքում ինչ է նշանակում շրջանակային պայմանագիր, Հովհաննիսյանը պատասխանեց՝ դա այն բոլոր սկզբունքների ամբողջությունն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները և այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթիի արձանագրության և հռչակագրի հիման վրա։
«Պրահայում դրա շուրջ հասանք ինչ-որ հաջողության, որ դրա շուրջ էլ շարունակվեն բանակցությունները»,- նշեց նա։
Հարցին, թե դրանով ընդունո՞ւմ ենք, որ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ, ԱԳ փոխնախարարը պատասխանեց՝ երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կապվել Արցախի հետ։ Դիտարկմանը, թե ինչպե՞ս է Հայաստանը համաձայնել տարանջատել հայ-ադրբեջանական հարցը ԼՀ հիմնահարցից, Հովհաննիսյանը պատասխանեց՝ այդ հարցերն, իսկապես, այլ բնույթի հարցեր են։
«Առաջ մենք ունեինք միայն ԼՂ հարց, հիմա նաև ունենք ՀՀ տարածքային ամբողջականության խնդիր»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։